ԺԻՐՈ-ԲԱՆԴԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ ԱՌՈՂՋ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Սթափ դատող յուրաքանչյուր ոք այսօր արդեն հասկանում է, որ իշխանությունն իր գրպանային «ընդդիմադիրների» ձեռքերով փորձում է խաղարկել հակառուսական խաղաքարտը՝ բորբոքելով հակառուսական տրամադրություններ։ Խոսքը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչեցյալ շարժման մասին է, որն անցած շաբաթ երկու անգամ փորձեց պղծել Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած Արցախի դրոշը։

ԲԵՎԵՌԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՐԻԶԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ։ Հենց նրանցից, որոնք վեց տարի առաջ ահաբեկչական գրոհ ձեռնարկեցին, զավթեցին ՊՊԾ գունդը Երևանում, երկու շաբաթ պատանդ պահեցին մոտ 10 մարդու՝ ոստիկանների և շտապօգնության բժիշկների։ «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների արդյունքում երեք ոստիկան սպանվեց։ Այսօր այդ մարդիկ, որոնք 2018-ին հայտարարում էին, թե զենքը փոխարինում են կուսակցական վկայականով, դատելով ամենից, կրկին մտադիր են անցնել իրենց գործելակերպին, նույնիսկ մեթոդները չեն փոխել...

Այդ առնչությամբ բավական ցուցանշական է ծռեր-բևեռականների գաղափարական ոգեշնչողներից մեկի՝ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը։ Նա փորձում է հանրությանը ներշնչել, թե Արցախի դրոշի ներկումը ոչ թե պղծում է, այլ... հակառակը՝ մաքրում պղծությունից։ Չենք վերապատմի բևեռականների գործած վանդալիզմի վերաբերյալ նրա հնչեցրած բոլոր արդարացումները, համառոտ կնշենք միայն, որ նա պղծություն է համարում հենց «մեզ պարտադրված Արցախի դրոշը՝ որպես բաժանման, կոտորածի, արցախյան տարածքի և պետականության կորստի խորհրդանիշ»։ Ո՞ւմ պարտադրած։ Դե, իհարկե, ԿԳԲ-ի և, համապատասխանաբար, Ռուսաստանի։

Ճիշտ նույն կերպ էլ սույն պարոնն ու իր հանցակիցները, ազատ արձակվելով, 2018-ից ի վեր փորձում էին ներշնչել հանրությանը, թե Երևանում ՊՊԾ գնդի զինված զավթումը ոչ այլ ինչ էր, քան ապստամբության բացառիկ իրավունք։ Հիշեք, ծանր հոդվածներով դատապարտված այդ անձինք ամենայն լրջությամբ և առանց խղճի խայթի մեզ ինչ-որ բան էին համոզում ապստամբության տրամաբանության, այն մասին, թե իրենք օգտվել են ապստամբության բացառիկ իրավունքից և հումանիտար իրավունքը չեն խախտել։ Իսկ այնպիսի անդառնալի հետևանքները, ինչպիսին մարդկանց մահն էր, իբր, տեղի են ունեցել առանց հումանիտար իրավունքի խախտման։

Մի՞թե պատահական էր, որ այդ մարդիկ 2019-ի աշնանը նաև համաներման տակ ընկան։ Ընդ որում՝ առանձին տողով, այսպես ասած՝ հասցեական։ Քանի որ նրանց մեղսագրվող ծանր հոդվածները համաներմամբ ընդգրկված չէին։ Այսինքն համաներումը հարմարեցրեցին «Սասնա ծռերին», թեև նրանց դա չպետք է շոշափեր ոչ մի տրամաբանությամբ. ո՛չ մարդասիրական, ո՛չ էլ առավելևս իրավական։ Նույն Ավետիսյանը տարբեր հարցազրույցներում անամոթաբար ճամարտակում էր անցումային արդարադատության անհրաժեշտության մասին, որի արդյունքում, ըստ վերջնականապես լկտիացած ծռերականի, կհաղթանակեր արդարությունը և... իրենց կողմից պատանդ պահված այժմ արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կհայտնվեր մեղադրյալի աթոռին…

Այս խորապատկերին, թերևս, արդեն զարմանալի էլ չէր, որ 2019-ի հուլիսին նա և իր համախոհները շնորհավորանքներ տարածեցին «հուլիսյան ապստամբության 3-ամյակի կապակցությամբ»՝ անամոթաբար փորձելով հուլիսի 17-ը հռչակել ազգային տոն, իսկ ապստամբության իրավունքն ամրագրել Սահմանադրության մեջ։ Բայց նույնիսկ այն ժամանակ դեռևս հետհեղափոխական էյֆորիայի մեջ գտնվող հասարակությունը հետ մղեց իշխանությունների թողտվությամբ կատարած փորձաքայլը։ Այն ժամանակ, չնայած էյֆորիային, առողջ մեխանիզմները գործեցին։ Իսկ հիմա՞։

Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնենք, որ այդ մարդիկ, որոնք փորձում են քողարկել իրենց բացահայտ հակապետական քայլերը հայկական միասնական պետության գաղափարով, մերթ ճամարտակում էին 2016-ի ամռանը, թե գնալու են ազատագրելու «Ապրիլյան պատերազմի արդյունքում Արցախի կորցրած 800 հա-ն», բայց այդպես էլ չարեցին դա՝ պատճառաբանելով, թե իշխանությունն արգելեց։ Մերթ կոչ արձակելով 2020թ. նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան օրը, իբր ձգտում էին մեկնել Քարվաճառ, որպեսզի «թույլ չտան հանձնել Ադրբեջանին», բայց կրկին հրաժարվեցին գաղափարից՝ հայտարարելով, թե այդ օրը իրենց կանչել են հարցաքննության…

Արցախի դրոշի նկատմամբ իշխանությունների եթե ոչ անմիջական հրահանգով, ապա թողտվությամբ կատարած վանդալիզմի առնչությամբ մտաբերեցինք ևս մեկ դրվագ, որը գուցե մոռացության է մատնվել վերջին մի քանի տարիների մշտական փոթորկալի իրադարձությունների շարքում։ Խոսքը 2019 թվականի սեպտեմբերի 21-ին Գյումրիի Սև ամրոցում տեղի ունեցած միջոցառման մասին է՝ Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտայի մասնակցությամբ։ Միջոցառում, որը տեղի ունեցավ արցախյան այն հանրահավաքից գրեթե մեկ ամիս անց, որտեղ Փաշինյանը հայտարարել էր. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Իսկ Գյումրիում, հիշեցնենք, Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանին միջոցառման վարողը ներկայացրեց որպես Արցախի մարզպետ։ Որևէ մեկը կարո՞ղ է հնարավոր համարել, թե դա խոսքի սովորական վրիպում էր։

ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ ԾՌԵՐ-ԲԵՎԵՌԱԿԱՆՆԵՐԸ ՊՂԾԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով, Արևմուտքը ցանկանում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի համար, և դրա լավագույն տարբերակ է համարում մեր տարածաշրջանը, քանի որ թալիբների վրա հույս դնել այս պահին չեն կարող։ «Դրա համար պետք է իրավիճակ ստեղծել։ Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղեն, ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։ Բրյուսելում շոու են կազմակերպում, մինչ այդ Ադրբեջանին դրդում Արցախում խորանալ։ Նպատակը՝ ստեղծել կոնֆլիկտ և Ռուսաստանին ու Թուրքիային էլ ներքաշել դրա մեջ։ Սխեման պարզ է։ Նման կերպ Ուկրաինայում են վարվել։ Բայց ինչպես Ուկրաինայում, այդպես էլ Հայաստանում պետք է տեղական պարտնյորներ ունենալ։ Այս ծրագրի շրջանակում պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում։ Սա Արցախից հրաժարվելու տեղական տրամադրությունը զոնդաժ անելու, Ադրբեջանին ոգևորելու ու նաև նրա համար պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք ստեղծելն է (իբր՝ Հայաստանը Արցախն իր մասն է համարում ու խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները)»,- պարզաբանում է քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ երբ Փաշինյանն Արցախում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ, Ադրբեջանը դա համարեց պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք՝ casus belli, քանի որ այդ դեպքում բանակցությունների թեմա այլևս չկա: «Նորից հիշենք, որ այսօրվա դրոշ պղծողներն էին հենց այդ թեզն առաջ տանում, որ Արցախը Հայաստանի մարզ է ու Արցախում, պատերազմական գոտում, անկարգություններ էին հրահրում, Հայաստանում էլ հակաարցախյան տրամադրություններ սերմանում։ Երկու դեպքում էլ նպատակը պատերազմ հրահրելն ու թշնամու համար լեգիտիմ հիմքեր ստեղծելն էր»,- ամփոփել է Ստեփան Դանիելյանը։

Հ.Գ.- Սոցցանցերում բևեռականների և նրանց կամակատարների համար օգտատերերը նոր անվանում են հորինել. ժիրո-բանդերականներ։