ՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն վերածվել է ՆԱՏՕ–ի ագրեսիվ ռազմական մեքենայի

Եվրամիությունը վերածվել է ՆԱՏՕ-ի ագրեսիվ ռազմական մեքենայի։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը վերջակետ է դնում որոշակի փուլում Եվրամիության գոյության վրա և հռչակագիր է նոր որակի անցնելու մասին:

«Այն ԵՄ–ի աշխատանքը տեղափոխում է բոլորովին այլ որակի ՝ տնտեսական բլոկից, հումանիտար, քաղաքական կազմակերպությունից այդ կառույցը դարձել է Հյուսիսատլանտյան տարածքի ռազմական ագրեսիվ մեքենայի մի մասը, և դա, վստահաբար, ՆԱՏՕ–ի հովանու ներքո»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ Բորելը, մեկնաբանելով Ուկրաինայի իրադարձությունները, Twitter-ի իր էջում գրել էր. «Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։

Իր գրառման մեջ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հաստատել էր Ուկրաինայի կարիքներին համապատասխան 500 մլն եվրո աջակցություն հատկացնելու մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: