Էմաունել Մակրոնը կհանդիպի Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ նախատեսվում է հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը գործող նախագահ, նախագահի աթոռին կրկին հավակնող Էմաունել Մակրոնի հետ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը այս մասին հայտնել է «Արմենպրեսին»։

Նշվում է, որ Էմանուել Մակրոնը հայկական համայնքին կներկայացնի իր առաջարկներն առաջիկա հինգ տարվա համար:

«Էմանուել Մակրոնի հետ կապն, աշխատանքը շարունակական է: Նա միշտ ներկա է լինում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, ապրիլի 24-ի միջոցառումներին: Տարվա ընթացքում հանդիպումներ են լինում նրա, նրա թիմի, նախարարների հետ: Նույնիսկ, եթե դժգոհություններ ունենք, ապա հանրային հարթակում ներկայացնում ենք, օրինակ, 44-օրյա պատերազմի հետ կապված, այն իրականության, որ Ֆրանսիան Ադրբեջանին զենք է վաճառել: Դատապարտել ենք, այդ մասին խոսել ենք նախագահ Մակրոնի հետ»,- ասել է Մուրադ Փափազյանը:

Նա հիշեցնել է նաև, որ Ֆրանսիայի ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ որպես համանախագահ երկիր, կարևոր է: Չնայած Ուկրաինայի պատերազմը մի քիչ խանգարում է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հիմա հարցեր կան, միևնույն է, Փափազյանի խոսքով, պետք է քաջալերենք, որ Ֆրանսիան շարունակի իր գործը՝ որպես համանախագահ երկիր:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած հաջորդ թեկնածուին՝ «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, Մուրադ Փափազյանը նշեց, որ նրա հետ որևէ հարաբերություն երբեք չեն ունեցել, որովհետև միշտ մերժել են ծայրահեղ աջակողմյանների հետ որևէ համագործակցություն:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայում նախագահի ընտրության առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը: Ապրիլի 10-ին կայացած ընտրության արդյունքներով` գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է 27,8, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը 23,1 տոկոս ձայն:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: