Միրզոյան․ Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի

Գերիների հետ կապված թեման կրկին քննարկվել է վարչապետ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում, և կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ շարունակվում են այդ հարցի շուրջ բանակցությունները։

«Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձնաց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, և ամենժամյա աշխատանքի թիրախն է։ Ադրբեջանը տարբեր պատրվակներ բերելով ցայսօր չի կատարել իր պարտավորությունները, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, պատանդներին և այլ պահվող անձնաց։ Այժմ Ադրբեջանը գերիների հարցը փորձում է կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձնաց փնտրելու հարցի հետ։ Այդ հարցերն իրար հետ կապ չունեն և մենք որպես բարի կամք՝ արել և շարունակում ենք անել մարդասիրական մեր քայլերը և ակնկալում ենք, որ նույնպիսի պահվածքը էլ պետք է լինի Ադրբեջանի կողմից»,-հայտարարեց Միրզոյանը։

Armenia Today