Աբբաս Ջումա․ Բաքուն և Անկարան թերագնահատում են Հայաստանի վերաբերյալ Թեհրանի նախազգուշացումները
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը զգայուն և շատ անցանկալի թեմա է Իրանի համար։ Սրա տակ Թեհրանը սահմանների վերաձևում է հասկանում։ Նաև այս պատճառով հնչեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին նախազգուշացումները։ Իրանը սրա կողքով անտարբեր չի կարող անցնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային լրագրող Աբբաս Ջուման։
Հիշեցնենք, որ Twitter-ում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական էջում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված են Հայաստանի սահմանները, մասնավորապես՝ Սյունիքի մարզի սահմանները։ Տեսանյութին կից գրառում կա․ «Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի ընդդիմանալ միջազգային սահմանների փոփոխությանն ուղղված ցանկացած ծրագրի»:
«Այսպիսով, իրանցիները ակտիվորեն հայտարարում են սահմանների փոփոխության անթույլատրելիության, տարածաշրջանի վերաձևման անթույլատրելիության մասին։ Սա մեսիջ է և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։
Բանն այն է, որ Իրանի ներսում անջատողականությունը Իսլամական Հանրապետության գլխավոր խնդիրներից մեկն է։ Այս անջատողականության դեմ վաղուց պայքար է մղվում։ Այն, ինչը կարող է ինչ-որ կերպ նպաստել այս անջատողականությանը, Թեհրանում հատուկ արձագանք է առաջացնում: Մենք նույնպես նման արձագանք ենք տեսնում։ Սա առայժմ ոչ այնքան արձագանք է որևէ կոնկրետ գործողության, որքան նախազգուշացում տարածաշրջանում բոլոր նրանց, ովքեր այժմ, ներկայիս իրավիճակի ֆոնին, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված, ուզում են «երկաթը տաք-տաք կծեծեն» կամ «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով գործել:
Իրանը նաև ուժային մեթոդներով է պատրաստ պաշտպանել և պահպանել իր ինքնիշխանությունը։ Այլ հարց է, որ սա չափազանց անցանկալի, ծայրահեղ միջոց է։ Իրանցիները խաղաղասեր ժողովուրդ են, և առայժմ ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նրանք սկսեն ուժ կիրառել։ Անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Իրանին ոչ բարեկամ ուժերը մոտենում էին Արաքս գետին, Թեհրանը, այո, մոտեցնում էր զորամասերը, բայց մինչև վերջ չմիջամտեց։ Առավելագույնը, որպես նախազգուշացում, նա տանկերից մի քանի դատարկ կրակոց արձակեց։
Որպեսզի իրանի համբերությունը լցվի, պետք է շատ արտառոց բան տեղի ունենա։ Նման նախադրյալներ դեռևս չկան։ Ոչ բրյուսելյան հանդիպումից հետո, ոչ էլ այլ առիթներով չեն եղել այնպիսի նախադրյալներ, որ նման ոտնձգություններ կարող են լինել։
Բայց հռետորաբանությունը, այդ թվում՝ Բաքվի, Անկարայի աջակցությունը Բաքվին, իհարկե, չեն կարող չլարել Իրանին։ Վերջին շրջանում մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է Իրանը կտրուկ արձագանքում Ադրբեջանի ոտնձգություններին՝ որոշակի հայտարարությունների, մանևրների հետ կապված, այդ թվում՝ ագրեսիվ բնույթի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին հայտարարությունը նույնպես հենց այնպես չարվեց։
Հասկանալի է, որ այդ բոլոր ազդանշանները հասնում են Բաքու և Անկարա, բայց հարցն այն է, թե ինչպես են նրանք տնօրինում այդ տեղեկատվությունը, ինչ հետևություններ են անում։ Ինձ թվում է՝ ո՛չ Թուրքիայում, ո՛չ Ադրբեջանում Թեհրանին այնքան լուրջ չեն վերաբերվում, որքան պետք է դա անեն։
Իրանը տարածաշրջանային լուրջ տերություն է, շատ հզոր երկիր՝ հավակնություններով, հնարավորություններով, հեռանկարներով, հատկապես այսօր՝ միջուկային գործարքի վերակենդանացման բանակցությունների ֆոնին։
Ադրբեջանում շատ վաղուց որոշակի թշնամանք կա Իրանի, իրանցիների նկատմամբ, որոնց Բաքվում ընկալում են որպես սնոբ, որպես մի պետության, որը հակված է ավելի շատ համակրելու Հայաստանին, քան իր կրոնակիցներին։ Բաքուն, ի դեմս Թուրքիայի ավագ եղբոր ամուր թիկունք ունենալով, Թեհրանին մի քիչ վերևից է նայում և նույնիսկ որոշ չափով անտեսում է Իրանի ազգային շահերը, նրա նախազգուշացումներն ու սպառնալիքները՝ լուրջ չընդունելով դրանք։ Փոխադարձ թշնամանքն ու դժգոհությունը թափանցում են ամեն ինչի միջով: Իրանի դժգոհությունը կապված է դեպի սունիական, թյուրքական աշխարհ Ադրբեջանի շրջադարձի հետ»,- ասաց Աբբաս Ջուման։