ԳԻՇԱՆԳՂՆԵՐ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՅՈՑ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Մի քանի ժամ էլ չէր անցել Հայաստանի նորագույն պատմության մեջ խորհրդարանում Փաշինյանի ամենախայտառակ ելույթից, որը զայրույթի և վրդովմունքի պայթյուն առաջացրեց հայ հասարակության մեջ, երբ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ջերմորեն ողջունեց կապիտուլյանտի դիրքորոշումը: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարևոր և հեռատես ելույթն այսօր Ազգային ժողովում։ Բազմաթիվ մարտահրավերներ մնում են համապարփակ կարգավորման ճանապարհին, սակայն կարևոր է առաջ շարժվել: Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը՝ արդար խաղաղության որոնման գործում»,- գրել է նա իր թվիթերյան էջում։

Ըստ էության, Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ամեն ինչ արդեն ակնհայտ էր։ Բայց որ այդ աստիճան բացահայտ արտահայտվի Արցախի հանդեպ Հայաստանի իշխանությունների դավաճանության առթիվ բուռն ուրախությունը, դա արդեն ծայրահեղ է նույնիսկ Եվրամիության համար՝ հանձին Կլաարի։ Այո, ԵՄ-ն նախկինում էլ բազմաթիվ առիթներ է տվել սեփական հիմնարար արժեքներից ու սկզբունքներից հեռանալու մեղադրանքների համար, բայց դրա հետ մեկտեղ՝ Բրյուսելից ու Ստրասբուրգից հնչել են նաև այլ հայտարարություններ, որոնք միանգամայն համահունչ են այդ սկզբունքներին ու արժեքներին։ Այդպես է եղել և՛ 44-օրյա պատերազմի օրերին, և՛ դրանից հետո։

Ավելին, դեռևս 80-ականների վերջին և 90 - ականների սկզբին Եվրախորհրդարանը բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին սատարող հայտարարություններով։ Իսկ հուլիսի 7-ի բանաձևում, դատապարտելով Սումգայիթում հայերի ջարդերն ու բռնությունները Բաքվում, Եվրախորհրդարանը ուղիղ տեքստով հայտարարեց «Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության հետ վերամիավորվելու Լեռնային Ղարաբաղի հայ փոքրամասնության ձգտմանը» աջակցելու մասին:

Տոյվո Կլաարը, հավանաբար, տեղյակ չէ այդ մասին: Նա ու իր ղեկավարությունը Բրյուսելում՝ Շառլ Միշելի գլխավորությամբ, պետք է ենթադրել, տեղյակ չեն նաև, որ Եվրամիության խոշորագույն անդամ պետության՝ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները դեռևս 2020թ. դեկտեմբերին, պատերազմից անմիջապես հետո, ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։ Եվ ինչպե՞ս վարվել հիմա այդ ճանաչման հետ. չեղարկե՞լ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած փաստաթղթերը, քանի որ դրանք «կարևոր ու հեռատես» չեն, իսկ այ դավաճան Փաշինյանի ելույթը, որը տանում է հայերի նոր ցեղասպանության, «կարևոր ու հեռատե՞ս» է։

Ապշեցուցիչ է, բայց ժողովրդավարական և մարդասեր Եվրոպան՝ ի դեմս ԵՄ-ի, բացահայտ խրախուսում է հայկական Արցախի բռնի ընդգրկումը ցեղասպան Ադրբեջանի կազմում՝ հակառակ Արցախի ժողովրդի հանրաքվեով բազմիցս արտահայտած կամքի, Ճիշտ այնպես, ինչպես դա ժամանակին արեց բռնապետ Ստալինը։ Զարմանալի է, բայց Եվրամիությունն աչքերը պինդ փակում է Ադրբեջանի դաժանագույն ագրեսիայի վրա, որը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառումը։ Աչք է փակում անմարդկայնության ու վայրագությունների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների ցուցադրական սպանությունների, միջազգային ահաբեկիչների ներգրավման, արգելված զինատեսակների կիրառման, մշակութային ժառանգության ոչնչացման անթիվ-անհամար փաստերի վրա...

Աչք է փակում Ադրբեջանում պետական քաղաքականության աստիճանի հասցված հայատյացության վրա, ինչը նախկինում բազմիցս պաշտոնապես դատապարտվել է Եվրախորհրդարանի ու եվրոպական այլ ինստիտուտների կողմից։ Մոռացել է 2004 թվականին Եվրոպայի կենտրոնում հայ սպայի հրեշավոր սպանության և Ադրբեջանի իշխանությունների ու հասարակության կողմից մարդասպանի հերոսացման մասին, ինչը պաշտոնապես դատապարտել են ԵՄ անդամ բազմաթիվ երկրներ…

Քրիստոնյա Եվրոպան այսօր արդեն ջանադրաբար «չի նկատում» հայկական հնագույն տաճարների և այլ հուշարձանների ավերումն ու յուրացումը։ Համառորեն չի ցանկանում տեսնել Ադրբեջանի բացահայտ արտահայտած ձգտումը՝ էթնիկ զտումների և նոր ցեղասպանության միջոցով ստանալ Արցախն առանց հայերի, և Բաքվի տարածքային նկրտումները ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ողջունում է չճանաչված, բայց ժողովրդավարության ճանապարհով ընթացող պետության ընդգրկումը դիկտատորական, բռնապետական, ծայրեծայր կոռումպացված վարչակարգ ունեցող երկրի կազմում, որը բազմիցս դատապարտվել է նույն Եվրոպայի կողմից։ Եվրամիությունը «չի տեսնում», որ հակասում է այդ ամենի մասին իր իսկ բազմիցս արած հայտարարություններին, որոնք ընդունվել են բոլորովին վերջերս, այն ժամանակ, երբ Ռուսաստանի հետ կոշտ դիմակայություն դեռևս չկար։

Քանզի Փաշինյանին Կլաարի ցուցաբերած ջերմ աջակցությունը թելադրված է առաջին հերթին երկու գործոններով. տարածաշրջանից Ռուսաստանին վտարելու ձգտումով և ադրբեջանական գազի ակնկալիքով։ Այդ խորապատկերին խամրում են եվրոպացիների բոլոր ազնիվ պոռթկումներն ու մարդասիրական մղումները, և նրանք պատրաստ են անտեսել մի ամբողջ ժողովրդի և նրա իրավունքները։ Պատրաստ են 120 հազար մարդու և հայկական քրիստոնեական հնագույն երկրամասը նետել թուրքերի անհագ երախը, միայն թե բավարարեն իրենց հակառուսական մարմաջն ու ազատվեն ռուսական վառելիքից իրենց կախվածությունից։

Կլաարի ու Միշելի «արդար խաղաղությունը» ժողովրդի ու մարդու բոլոր իրավունքների անտեսումն է լոկ այն պատճառով, որ այդպես է թելադրում Արևմուտքի այսրոպեական աշխարհաքաղաքական շահը։ Եվրամիության ընկալմամբ՝ «արդար խաղաղությունը» նշանակում է հեշտ ու արագ զոհաբերել հայերին հանուն «կերոսինի դույլի», ինչպես դա արդեն եղել է 107 տարի առաջ: Երբ ֆրանսիական և անգլիական նավերը Արևմտյան Հայաստանի ափերին հասան միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ էր։ Երբ թուրքերն արդեն արել էին իրենց սև գործը՝ իրականացնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, բայց կարելի էր փրկել հրաշքով ողջ մնացած սակավաթիվ հայերի և դրանով իսկ հումանիստի անուն հանել։

Իսկ մոտ 100 տարի անց կրկին գործել նույն ոճիրն ընդդեմ հայ ժողովրդի՝ դատապարտելով նրան նոր ցեղասպանության։ Իսկ եթե Տոյվո Կլաարն ու Շառլ Միշելը դա չեն հասկանում, ապա հիշեցնենք նրանց ևս մեկ փաստ. Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 1987 թվականին և այդ ժամանակից ի վեր 3 անգամ հաստատել դա, իսկ Եվրոպայի խորհուրդը դա արել է երկու անգամ։ Ավելին, նույն Եվրախորհրդարանը բազմիցս պահանջել է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ի թիվս ամենի ներկայացնելով դա որպես ԵՄ-ին անդամակցելու պայման։

Վերջին անգամ այդ պահանջը հնչեց մեկ տարի առաջ՝ 2021-ի մայիսին։ «Եվրախորհրդարանը պնդում է, որ Թուրքիան ճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- ասվում էր կազմակերպության ամենամյա զեկույցում: Բացի այդ, եվրապատգամավորները դատապարտեցին Թուրքիայի «թշնամական արտաքին քաղաքականությունը» և նրա մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Եվ հայտարարեցին, որ միայն Ցեղասպանության ճանաչումը «ճանապարհ կհարթի թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար»։ Հիշեցնեմ նաև, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նույն Եվրախորհրդարանը բազմիցս հանդես է եկել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի դատապարտումով, մեղադրելով ցեղասպան երկու երկրներին ռազմական ագրեսիայի, վարձկանների օգտագործման, մշակութային ժառանգության ոչնչացման մեջ, ինչպես նաև ռազմագերիների և պատանդների հարցով։

Ուրեմն ի՞նչ է փոխվել այսօր, պարոնայք Միշել և Կլաար. մի՞թե ադրբեջանցիներն ու թուրքերը հանկարծ լավն են դարձել լոկ այն պատճառով, որ ձեզ հարկավոր է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար և անչափ վախենում եք սառել առանց ռուսական գազի: Եվ դրա համար պետք է նորից «քցե՞լ» հայերին՝ դատապարտելով Արցախն ու Հայաստանը նոր ցեղասպանության։ Դրա՞նք են ձեր ժողովրդավարական արժեքներն ու արդարությունը։ Թե՞ ձեզ, ինչպեսև ՆԱՏՕ-ում ձեր դաշնակից Թուրքիային, քիչ է թվացել հեղված հայկական արյունը։

Թեպետ, որևէ իրավունք ունե՞նք արդյոք մենք կշտամբել կլաարների և միշելների Եվրոպային՝ մեր երկրի ներսում ունենալով և հանդուրժելով մեզ հետ նույն ազգության ( լոկ անձնագրով) շատ ավելի նսեմ ու ստոր արարածների, որոնք դավաճանում են բնավ ոչ օտար, այլ իրենց իսկ ժողովրդին։