2022-04-16 10:56
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական զորքերը Մարտակերտի մոտ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր
Մարտակերտում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը։
«Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»,-ասվում է տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր Մարտակերտի շրջանի Սեյսուլան (Արծվաշեն) բնակավայրի մոտակայքում շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում է խախտումը կատարել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: