Ճանապարհային քարտեզը գծվելու է այստեղ․ Վանեցյանը՝ նախատեսվող գործողությունների մասին
Ընդդիմությունը միասնական է, նպատակը նույնն է՝ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, փրկել Հայաստանն ու Արցախը։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ հենց Ազատության հրապարակում պետք է գտնել ամենաարդյունավետ ճանապարհն իրենց նպատակին հասնելու համար, ու շարժվել այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ ճանապարհային քարտեզը հենց Ազատության հրապարակում է գծվելու։
«Մենք տեսանք մի ելույթ Ազգային ժողովում, որը, կարծում եմ, երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ ելույթն էր, և որը հետագայում պատմության գրքերում նշվելու է որպես ելույթ խայտառակության, պարտվողականության մասին»,- նշեց Վանեցյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ինքը այդ ելույթի՞ց է տագնապած, թե՞ տեղեկություններ ունեն, որ պատրաստվում են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Վանեցյանը նշեց, որ տեղեկություններ էլ ունեն։
«Այդ թվում՝ տեղեկություններ ունենք, նաև իշխանությունների գործողություններն են դա ցույց տալիս, իշխանական պատգամավորների ելույթներն են դա ցույց տալիս»,- նշեց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ում որևէ մեկը կարողանում է ասել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, այդ օրվանից բոլոր կարմիր գծերը հատած են։
«Իմ գործողությունն այստեղ նստելն է, մարդկանց հետ խոսելն է։ Վերջին իրադարձություններից հետո ինձ չեմ պատկերացնում ԱԺ-ում՝ իմ առանձնասենյակում կամ նիստերի դահլիճում։ Ու՞մ հետ նստեմ ու խոսեմ, նրա՞նց հետ, ովքեր կարծում են՝ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում»,- ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իրենք չեն վախենում, որ ոստիկանությունը կարող է ուժ կիրառել իրենց նկատմամբ։
«Հայրենիք կորցնելուց ավելին ի՞նչ ենք կորցնելու, թող ուժ կիրառեն»,- շեշտեց նա։
Վստահ է՝ այն պայմանավորվածությունները, որոնք այս իշխանությունները ձեռք են բերել, միգուցե՝ իրենց նկատմամբ ճնշումների արդյունքում, միգուցե՝ այլ իրավիճակներում, պետք է կարողանալ կասեցնել։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է գնալ միակողմանի զիջումների, այսպես կոչված՝ խաղաղության դարաշրջան հաստատելու համար։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թողնել Արցախը, և արդեն սկսել են խոսել, քարոզել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի և չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է»,- ասաց Վանեցյանը։
Պնդում է՝ առանց ներկա իշխանությունների հեռացման չենք կարողանալու կանգնեցնել պարտությունների շղթան։