ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան մարտական ինքնաթիռներ է ստացել այլ երկրներից
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ուկրաինան մարտական ինքնաթիռներ և պահեստամասեր է ստացել որոշ երկրներից` չհստակեցնելով այդ երկրների անունները։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Քիրբին ասել է, որ այդ մատակարարումները Կիևին հնարավորություն են տվել ուժեղացնելու իր ռազմական ներուժը։
«Չխորանալով այլ երկրներից մատակարարված սպառազինությունների տեսակների մեջ՝ ասեմ, որ Ուկրաինան ստացել է լրացուցիչ կործանիչ ինքնաթիռներ ու պահեստամասեր, ինչը նրան հնարավորություն է տվել ավելի շատ ինքնաթիռներ օդ բարձրացնել», - նշել է Քիրբին:
Ըստ նրա` խոսքը խորհրդային ու ռուսական արտադրության օդանավերի մասին է։
Քիրբին ընդգծել է, որ Վաշինգտոնը Կիևին ինքնաթիռ չի մատակարարել, քանի որ ձգտում է խուսափել Ուկրաինայի հակամարտության կողմ դառնալու վտանգից։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում` ի հավելումն նույն չափով նախորդ խմբաքանակի։ Եթե այն ևս հաստատվի, կստացվի, որ ԱՄՆ-ն այս տարվա փետրվարի վերջից Կիևին շուրջ 3,4 միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։