Զոհված զինվորների հայրերը մտադիր են վրան տեղադրել և գիշերել ՀՀ գլխավոր դատախազության մոտ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հայրերը մտադիր են վրան տեղադրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և այնտեղ սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։ Այս մասին հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը` 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը` Աշոտ Զաքարյանը։
Ավելի վաղ ծնողները դատախազություն էին ներկայացրել Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջը։ Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումը ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (զբաղվում է քննչական գործառույթներով)։
«Մենք որոշել ենք դատախազության շենքի մոտ մնալ այս 5 աշխատանքային օրը (քրեադատավարական օրենսդրությամբ որոշումը կայացնելու համար սահմանված է 5–օրյա ժամկետ,–խմբ.)։ Գիշերելու ենք այստեղ։ Բայց բոլոր կանանց տուն կուղարկենք»,- ասաց Զաքարյանը։
Նա հավելեց, որ ոստիկանների մեծ թիվը չի կարող վախեցնել իրենց և ստիպել հետ կանգնել իրենց նպատակից: Դրա հետ մեկտեղ Զաքարյանը նշեց, որ զոհված զինծառայողների ծնողները մնում են օրենքի շրջանակներում և ոչ մի արգելված գործողություն չեն ձեռնարկում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: