Մերձդնեստրի նախագահ․ Մերձդնեստրում որևէ հանրաքվե չի նախատեսվում

Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունում որևէ հանրաքվե չի նախատեսվում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին։

«Երկրից փախչելու, հանրահավաքներ անցկացնելու, հանրաքվեներ անցկացնելու կոչերը սուտ ու սադրանք են նրանց կողմից, ովքեր բոլորովին անտարբեր են մերձդնեստրյան ժողովրդի ճակատագրի հանդեպ։ Թշնամիները բարբաջանքների վարժանքներ են անում: Թույլ մի տվեք ձեզ օգտագործել այս անամոթ խաղերում:

Որպես երկրի ղեկավար հայտարարում եմ՝ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունում որևէ հանրաքվե չի նախատեսվում։ Մի արձագանքեք տեղեկատվական դաշտում աղբի արտանետումներին։ Հասկանում եմ, որ գնալով դժվարանում է ցորենը թեփից առանձնացնելը, ուստի խնդրում եմ՝ ստուգեք ձեր լսած և կարդացած յուրաքանչյուր բառը: Եթե տեղեկությունը հավաստի է, այն կտեղադրվի պետական մարմինների պաշտոնական կայքերում, դրա մասին կհաղորդեն պետական լրատվամիջոցները»,- ասել է նա, տեղեկացնում է News.am։