Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Արցախի դիրքորոշումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն հանդիպում է ունեցել ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ և անդրադարձել ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Հարությունյանն ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում:

«Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ընտրել ենք խաղաղության օրակարգը: Սակայն ինչպես նշել եմ անցած տարեվերջին իմ հայտարարության մեջ, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»,- ասել է Հարությունյանը։

Նա ավելացրել է, որ Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում այն որդեգրած սկզբունքներին, որոնց հիման վրա անցած ավելի քան երեք տասնամյակներում պետականություն է կառուցվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա: