ՀՀԿ–ն «Stop Նիկոլ» խորագրով երթ է իրականացնում Երևանում
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Stop Նիկոլ» խորագրով ակցիա է սկսել Երևանում` Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։
Նրանք երթի են դուրս եկել Հայաստանի և Արցախի դրոշներով։
Երթին մասնակցում են նաև ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Տարոն Մարգարյանը։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց սպառել են դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
«Մեր առջև այսօր խնդիր է դրված` բողոքի և իրազեկման ակցիաներով այնպես անել, որ ներկայիս իշխանությունները հեռանան, դա պետք է լինի կա՛մ այսօր, կա՛մ երբեք։ Այս իշխանությունը հիմա խռխռացնելու վիճակում է, ուղղակի նրանք չեն գիտակցում»,– ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ այժմ ընդդիմության և իշխանության միջև պայքար չի գնում, որպեսզի երկխոսություն լինի, քանի որ սահմանադրական, ներքին բարեփոխումների հարց չի քննարկվում։
Աբովյան փողոցով երթ անող ՀՀԿ–ականները իրազեկելում էին մարդկանց իրենց ակցիայի նպատակի մասին և վանկարկում. «Առանց թուրքի Հայաստան», «Stop Նիկոլ», «Պայքար», «Նիկո՛լ, դավաճան»։ Երթի մասնակիցները նաև երգում էին «Զարթի՛ր, լաո» երգը։
Քաղաքացիները պատշգամբներից ողջունում և աջակցություն էին հայտնում ակցիայի մասնակիցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։