ՀԱՊԿ-ի խաղաղապահները վարժանքներ կանցկացնեն հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրների շուրջ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահները 2022 թվականին կանցկացնեն «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները՝ ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրների մշակման ուղղությամբ: Տեղեկությունը հայտնել են կազմակերպության միացյալ շտաբից։
«Ղրղզստանի Հանրապետությունում «Մարտական եղբայրություն-2022» օպերատիվ-ռազմավարական զորավարժության եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացում, որի ընթացքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները և խաղաղապահ գործողության անցկացումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է ՀԱՊԿ ձևաչափով համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման կարգի մասին հիմնադրույթին համապատասխան, որը հաստատվել է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: