Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնացել է միջուկային զենք կիրառել սադրանքի դեպքում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում Հյուսիսային Կորեան կարող է կանխարգելիչ կերպով օգտագործել իր միջուկային զենքը, ինչպես նաև գովեստի խոսքեր է ասել իր բարձրաստիճան զինվորականներին այս շաբաթ մայրաքաղաք Փհենյանում մեծ զորահանդեսի անցկացման համար, հաղորդում է AP-ն։
Կիմը հայտնել է իր «ամուր կամքը»՝ շարունակելու զարգացնել իր միջուկային ուժերը, որպեսզի դրանք կարողանան «գործուն կերպով և զգուշորեն զսպել և խափանել բոլոր վտանգավոր փորձերն ու սպառնացող քայլերը, այդ թվում՝ թշնամական ուժերի կողմից միջուկային սպառնալիքների աճը, եթե պահանջվի», հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտնական կենտրոնական լրատվական գործակալությունը.
Ըստ հյուսիսկորեական ԶԼՄ-ների՝ Կիմն իր զինվորականներին կանչել էր՝ երկուշաբթի օրը կայացած շքերթին նրանց ելույթի համար գովեստի խոսքեր ասելու, որտեղ ԿԺԴՀ-ն ցուցադրել էր իր ռազմական միջուկային ծրագրի ամենամեծ զենքերը, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, որոնք կարող են հասնել ԱՄՆ, և ավելի կարճ հեռահարության տարբեր հրթիռներ, որոնք աճող վտանգ են ներկայացնում Հարավային Կորեայի և Ճապոնիայի համար:
Ելույթ ունենալով միջոցառման համար հավաքված հազարավոր զինվորականների և հանդիսատեսների առջև՝ Միմը խոստացել է զարգացնել իր միջուկային ուժերն «առավելագույն արագությամբ» և սպառնացել է օգտագործել դրանք սադրանքի դեպքում: Նա ասել է, որ իր միջուկային զենքը «երբեք չի սահմանափակվի միայն պատերազմը զսպելու առաքելությամբ» այն իրավիճակներում, երբ ԿԺԴՀ-ն արտաքին սպառնալիքի է բախվում, տեղեկացնում է News.am-ը: