Աշոտյան․ Եթե Նիկոլի և Ալիևի «սիրավեպը» չկասեցնենք, կշարունակենք մարդկային և տարածքային կորուստներ տալ
Եթե Նիկոլի և Ալիևի «սիրավեպը, ռուսի ասած, «игру в четыре руки»-ն չկասեցնենք, որը նրանք խաղում են մեր ազգային արժանապատվության հաշվին, կշարունակենք կոնկրետ մարդկային և տարածքային կորուստներ ունենալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ինչպես խոստացել էի, ուզում եմ ձեզ հետ զրուցել մի շատ կարևոր թեմայի շուրջ, որը վերաբերում է Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթին։ Կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնց, ցավոք, հայկական կողմը, ինչպես և սպասվում էր, որևէ կերպ չանդրադարձավ։ Մենք չունենք պետություն, չունենք մեր պետական ազգային օրակարգով զբաղվող պետական այրեր, չունենք վարչապետ, չունենք արտգործնախարար, չունենք Անվտանգության խորհրդի քարտուղար, չունենք խորհրդարանական դիվանագիտություն: Մենք ոչինչ չունենք, քանի որ մեզ ներկայացնող մարդիկ ոչնչություն են»,- ասաց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ երեկ մենք այդպես էլ ականատես չեղանք պետության որևէ արձագանքի Ադրբեջանի նախագահի մի շարք սադրիչ, մանիպուլյատիվ, կեղծ թեզերին, որոնք միջազգային լրահոս էին նետվել:
«Սակայն այս թեզերը չի կարելի անպատասխան թողնել, քանի որ, ցավոք, այո, հայ ժողովուրդն այսօր երկու ճակատով է կռիվ տալիս։ Մի ճակատը դրսի ճակատն է, որտեղ մեզ փորձում են ճնշել, փորձում են մեզ ոչնչացնել, նսեմացնել, և ներքին ճակատը, որտեղ օկուպացիոն ռեժիմն ամեն ինչ անում է հնարավորինս արագ, էժան, լիկվիդացիոն գներով վաճառի Հայաստանի քաղաքացիների վերջին արժանապատվությունը, վաճառելու համար Արցախից մնացած տարածքները, բոլորիս վճառելու համար: Մենք այնպիսի ռեժիմ ունենք, որը երկրի ներսում առյուծ է ձևանում, բիրտ ոստիկանական ուժ է կիրառում, անօրինական ձերբակալություններ է իրականացնում, կանխում է ժողովրդական ընդվզումը, իսկ դրսում փիսո են դառնում ու սուսիկ-փուսիկ մեզ քաղաքական սպանդի են տանում»,- ընդգծեց քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ եթե Նիկոլի և Ալիևի «սիրավեպը, ռուսի ասած, «игру в четыре руки»-ն չկասեցնենք, որը նրանք խաղում են մեր ազգային արժանապատվության հաշվին, կշարունակենք կոնկրետ մարդկային և տարածքային կորուստներ ունենալ։
Նա շատ հետաքրքրական անվանեց համաժողովը, որի ժամանակ ելույթ է ունեցել Ալիևը։ Քաղաքական գործչի խոսքով՝ համաժողովը կազմակերպվել է Ադրբեջանի «նավթային, խավիարային» միջոցներով և անցկացվել է Բաքու հրավիրված «տարբեր տրամաչափի և տարբեր գործունեությամբ զբաղվող» մի քանի օտարերկրացիների մասնակցությամբ։
«Այսինքն՝ մինչ մենք փորձում ենք ազատվել Նիկոլից, ադրբեջանցիները քրտնաջան աշխատում են, ամրապնդում են իրենց դիրքերը, միջոցառումներ են կազմակերպում միջազգային հանրության համար»,- ասաց նա, տեղեկացնում է News.am-ը: