Ոստիկանությունը բերման ենթարկեց «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը բերման ենթարկեց «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներին, որոնք երթը սկսել էին Ֆրանսիայի հրապարակից և հասել Աբովյան փողոց։
Ոստիկանները քաղաքացիներին տարան բիրտ ուժ կիրառելով։
«Սա խաղաղ իրազեկման երթ էր, տեսաք, թե ինչպես սկսեցին բերման ենթարկել։ Կարմիրբերետավորները, որոնք ամենաագրեսիվն են, սադրանք արեցին ու քաղաքացիներին բերման ենթարկեցին։ Ամենաահավորն այն է, որ ուսադիրով ոստիկանը բերման ենթարկեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին, որը հանգիստ քայլում էր»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Երթի անդամներն ասում էին, որ կարող են մայթով քայլել, բայց ոստիկաններից ոչ ոք չարձագանքեց։ Նրանք շարունակեցին գրեթե գետնին տապալելով բերման ենթարկել մասնակիցներին։
Պատգամավոր Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ ոստիկանները սկսել են ուժ կիրառել խաղաղ երթի ընթացքում և անհասկանալի պայմաններում։
Բերման է ենթարկվել նաև Համբիկ Սասունյանը, որը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր, սակայն 2021-ին ազատ արձակվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։