Իրանը Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումն անընդունելի է համարում
Իրանը Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումն անընդունելի է համարում. դա խնդիրներ կառաջացնի Իրանի ժողովրդի և տարածաշրջանի համար։ Այս մասին Իրանի խորհրդարանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Թուրքիայի կողմից Տիգրիսի, Եփրատի և Արաքսի վրա ընդարձակ ամբարտակների կառուցման և դեպի Իրան ջրի հոսքի վրա դրա ազդեցության մասին հարցին ի պատասխան, գրում է Mehr-ը։
«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող բնապահպանական պայմանները՝ մեզ համար անընդունելի է, որ մեր հարևան երկիրը՝ Թուրքիան, ամբարտակաշինության ոլորտում այնպիսի միջոցներ ձեռնարկի, որոնք խնդիրներ կստեղծեն մեր բնակչության համար երկրում և տարածաշրջանում, ինչպես նաև բացասաբար կանդրադառնան ջրի ներհոսքի ծավալի վրա»,- ասել է նա։
«Վերջին ութ ամսվա ընթացքում հարցը բարձրացվել է առնվազն երեք անգամ՝ Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարարի հետ երկու հանդիպումների, ինչպես նաև նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ,- հավելել է նա։- Չնայած ավելի վաղ Թեհրանի և Անկարայի միջև ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր չկար՝ 4 ամիս առաջ մենք Թուրքիայի կառավարությանը խնդրեցինք ջրային ռեսուրսների հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել, որպեսզի կարողանանք լուծել խնդիրները։ Պետք է այնպես անել, որպեսզի Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումը բացասաբար չանդրադառնա Իրանի ջրամատակարարման վրա։ Թուրք պաշտոնյաները մինչ այժմ մեզ հավաստիացրել են, որ ամբարտակների կառուցումն իրականացվում է հիմնականում լեռնային շրջաններում՝ հիդրոէլեկտրակայանների օգտագործման համար։
Անդրադառնալով արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների փորձագիտական պատվիրակության այցին Թուրքիա՝ նախարարը հավելել է. «Առաջիկայում նախատեսվում է թուրքական պատվիրակության այցն Իրան՝ այս հարցի քննարկման համար, և այս կապակցությամբ երկու երկրների միջև անհրաժեշտ իրավական, քաղաքական և դիվանագիտական միջոցներ են ձեռնարկվել»։
News.am