Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ԴՆԵԼ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ալիևի հաղթանակը կարող էր չլինել, քանի որ Ռուսաստանը կարող էր Գյումրիում ռազմական ստորաբաժանումները Ղարաբաղի օրինական և աշխարհագրական սահմաններին տեղակայել և հայտարարել ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, որպեսզի կանխի ուժային սցենարը և կողմերին մղի խաղաղ բանակցությունների։ Նման ձևակերպում միջազգային իրավունքում կա։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

«Մոսկվան Բաքվին նվիրեց մի քանի կարեվոր նյուանսներ, որոնք հանգեցրին հաղթանակի ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Ռուսաստանը կարող էր ամբողջությամբ մերժել Անկարայի միջնորդությունը, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանը գնաց դրան։ Այստեղից հայտնվեց խաղաղապահների գործոնը 5 տարով, իսկ հիմա, երբ Բաքուն ակնարկում է, որ նրանք ժամանակավոր են այնտեղ, մենք կհիշեցնենք Գյուլիստանի պայմանագիրը, Թուրքմենչայի պայմանագիրը։ Մենք կհիշեցնենք, թե սրանք ում հողերն են։ Բաքվին խորհուրդ չեմ տալիս նման խաղեր խաղալ։ Նրանք պետք է երախտապարտ լինեն իրենց ստացածի համար և շատ զգույշ վերբերվեն ռուս խաղաղապահների հարցին։

Ադրբեջանցիները պետք է պայմանվորվեն և հայերին չնայեն որպես լուսնից եկած այլմոլորակայինների։ Նրանք տարածաշրջանի բնիկ ժողովուրդ են, նրանք հնագույն պատմություն ունեն։ Պետք է լուծել անկլավների հարցը, պետք է որոշել, թե ինչպես վարվել Ղարաբաղի հայերի հետ։ Եթե նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, ապա փոխեք ձեր վերաբերմունքը, եթե նրանք Ադրբեջանի քաղաքացիներ չեն, ապա տրամադրեք համապատասխան կարգավիճակ։ Նրանք փորձում են կոնտրքայլերով մոլորեցնել բոլորին, մոլորեցնել Արևմուտքին, մոլորեցնել Մոսկվային: Ուկրաինան արդեն մոլորված է։ Պետք չէ Անդրկովկասում իրավիճակը հասցնել եռման կետի, որպեսզի Մոսկվան արթնանա և նույնպես հայտարարի իր իրավունքների մասին։

Ղարաբաղը 1813 թվականին Ռուսական կայսրության մաս է կազմել։ Ուզես, թե չուզես, դա փաստ է: Այն ժամանակ Ադրբեջանը չկար։ Դրանք խանություններն էին, որոնք մտնում էին Պարսկական կայսրության մեջ։

Կարող ենք հենց Ադրբեջանի գոյության կարգավիճակի հարցը դնել Իրանի հետ բանակցություններում, որը բազմիցս բարձրացրել է Թուրքմենչայի պայմանագրի չեղարկման հարցը։ Պետք չէ խաղալ այս խաղերը, պետք է ավելի պարզ լինել, ավելի լոյալ, ավելի խելացի»,- նշեց նա:

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները բլեֆ են անում

Անդրկովկասում իրավիճակը կարող է փոխվել։ Եթե ​​Ուկրաինան պարտվի, ապա հասկանալի է, որ Ռուսաստանի քաղաքականությունն Անդրկովկասում փոխվելու է, այն ավելի վճռորոշ է լինելու,- ասաց ռուս քաղաքագետը։

«Բաքուն խոսում է ինչ-որ հանձնաժողովի ստեղծման մասին։ Բայրամովն ասել է, որ Բաքուն ներկայացուցիչներ է նշանակել սահմանի սահմանազատման համար։ Բայց Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի վերջնական հայտարարությունը նույնպես վերաբերում է հանձնաժողովին։

Ո՞վ է վերահսկելու սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ Մոսկվան, թե՞ Բրյուսելը (երկու մայրաքաղաքներն էլ հայտարարել են այդ մասին):

Բաքուն ասում է, որ մենք բանակցելու ենք 5 սկզբունքների հիման վրա, իսկ Երևանն ասում է 6 սկզբունքի մասին։ Ինչպե՞ս կարող եք բանակցել, երբ նույնիսկ սկզբունքների շուրջ համաձայնության չեք եկել: Երկու կողմերն էլ բլեֆ են անում։ Ադրբեջանը շտապում է, հայերը սպասում են ուկրաինական ճգնաժամից հետո Անդրկովկասում իրավիճակի փոփոխության։ Բաքուն հասկանում է, որ իրավիճակը կարող է մի փոքր այլ կերպ ընթանալ, Մոսկվան կարող է համաձայնության գալ Արևմուտքի հետ, իսկ Արևմուտքը հեռու է Ադրբեջանի կողմնակից լինելուց»,-նշեց փորձագետը։

News.am-ի նյութերով