ՌԴ-ն ուզում է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

Ռուսաստանի Պետդուման կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու մասին պայմանագրերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարության առաջարկները։ Այս մասին հայտնում է պաշտոնական «Պառլամենտական թերթը»՝ հղում անելով Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյին։

Նա միջազգային կազմակերպություններին Ռուսաստանի մասնակցությունն անվանել է «ոչ բարեբեր փորձ»։ «Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, այժմ հերթում դուրս գալն է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, որոնք արդեն անտեսել են իրենց պարտավորությունները մեր երկրի հանդեպ»,- ասել է «Եդինայա Ռոսիա»-ի անդամը։

Տոլստոյի խոսքով՝ Մոսկվան պետք է վերանայի պայմանագրերը, որոնք ոչ թե օգուտ են բերում, այլ ուղղակիորեն վնասում են երկրին։

Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ բանակցությունները տևել են 18 տարի՝ 1993-2011 թվականները։ Կազմակերպության նպատակը համաշխարհային տնտեսությունը և առևտուրը զարգացնելն է՝ պետական խոչընդոտների նվազեցման միջոցով, տեղեկացնում է News.am։