Չավուշօղլու․ ՀՀ-ն պետք է դրական պատասխան տա Ադրբեջանի խաղաղ նախաձեռնություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահ է` Երևանը պետք է դրական պատասխան տա Բաքվի խաղաղ նախաձեռնություններին։ Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում` պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին։

«Մենք մշտապես հորդորում և խրախուսում ենք Հայաստանին արձագանքել այդ բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում են գործադրում երկրի ներսում արմատականները և սփյուռքը՝ արտասահմանից։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինկենին (ԱՄՆ պետքարտուղար), այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ։ Մեր վերջին հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ուզում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա նշել է, որ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ձգտումը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից Հայաստանին առաջարկվել է համապարփակ խաղաղ համաձայնագիր կնքել։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանն իր հերթին աջակցում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: