ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ դեսպանը խոսել են Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում։
ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը:
Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է պաշտպանի ջանքերը` այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատությունը երաշխավորելու և դրանց ընթացքում մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու համար։
Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս հարցում։
Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։
Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման իր կարևոր ջանքերի գործադրումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։