Սաղաթելյան․ Փաշինյանի և Ալիևի ցանկացած պամանավորվածություն ընդդիմության համար առոչինչ է

ԱԳՆ-ն այլևս չի սպասարկում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Նման հայտարարությամբ հանդես եկավ «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։

Հայտնել ենք, որ քաղաքացիներն արգելափակել են ԱԳ նախարարության շենքը։

«Եթե նրանք, ովքեր կասկածում էին իմ ասածի վրա, երեկվա բրյուսելյան հանդիպումից հետո կասկածի տեղ այլևս չունեն։ ԱԳՆ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արցախյան հակամարտության նշաձողն իջեցրել է այն մակարդակի, որ արդեն խոսվում է Ղարաբաղի էթնիկ հայության մասին»,- ասաց Սաղաթելյանն ու հավելեց` Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցանկացած պամանավորվածություն ընդդիմության համար առոչինչ է։

Նա նշեց, թե արդեն իսկ խոսում են այն մասին, որ արցախցիներն Ադրբեջանի կազմում պետք է լայն իրավունքներ ունենան։ Սաղաթելյանը նշեց` Հայաստանը տանում է Արցախի հայաթափման և վերջնականապես կորստի, սակայն դա չի լինելու։

Սաղաթելյանն ասաց նաև, որ ԱԳՆ-ն որքան քիչ աշխատի, այնքան հայկական շահերը քիչ կվնասվեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ եթե ԱԳՆ-ն իր տեղում լիներ, ապա բրյուսելյան հայտարարությունը չէր լինի, տեղեկացնում է Sputnik Արմենիա։