Տիգրան Աբրահամյան․ Գերիների վերադարձը պետք է օրակարգի առաջնային հարցը լինի

«Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի պնդմամբ` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը պետք է օրակարգի առաջնային հարցը լինի իշխանության համար։ Նա իր տեսակետը հայտնեց Ֆրանսիայի հրապարակում` պատասխանելով քաղաքացիներից Ռաֆայել Ավետիսյանի հարցին, թե ինչ լծակներ կարող են օգտագործվել, որպեսզի հայ գերիները վերադառնան հայրենիք։

«Մեզ համար ամենակարևոր ու ցավոտ ուղղություններից է։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ կետը չի իրականացնում։ Հայաստանի համար այդ հարցի առաջնահերթությունը պետք է լինի նոյեմբերի 9-ի փաստաթղթի` գոնե մեզ համար նպաստավոր 1-2 դրույթի իրականացումը։ Կարծում եմ, որ մեր գերիների վերադարձը պետք է դառնա օրակարգի առաջնային հարց»,- ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում իշխանությունները գերիներ, ռազմագերիների վերադարձի հարցն առհասարակ օրակարգից հանել են։

Պատգամավորի խոսքով` առանց հայտարարության այդ կետի իրականացման, տրամաբանական չէ խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների կամ այլ գործընթացների մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։