Սյունիքի մարզպետ․ Անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է

Սյունիքում անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հայտնել ենք, որ Կոպիրկինն այսօր Սյունիք է այցելել, ծանոթացել սահմանային իրավիճակին։

Ղուկասյանը նշել է նաև Սյունիքի խոշոր ձեռնարկություններում ռուսական կապիտալի ներկայության մասին։

Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ հայ և ռուս ժողովուրդները կապված են պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, և այդ կապերն ավելի ու ավելի ամրապնդել է պետք «Ինչ վերաբերում է Սյունիքին, մարդիկ այստեղ միայն լսելով չէ, որ գիտեն այդ կապերի մասին, նրանք ամեն օր տեսնում են դա»։

Հանդիպմանը ներկա՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նույնպես նշել է անվտանգության առումով ՌԴ սահմանապահների ներկայության կարևորությունը համայնքի համար։

Քննարկվել են տնտեսական, ներդրումային առավել ակտիվ համագործակցությանը, երկկողմ ուղղությամբ զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքներին վերաբերող և այլ հարցեր։

Հանդիպմանը ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսելիս հայտնել է, որ ռուսական կապիտալով ներդրումների ծավալով ՀՀ-ում Սյունիքը Երևանից հետո երկրորդն է։ Նա նաև ասել է, որ ռուսական կողմը պատրաստակամ է զարգացնելու երկրների միջև միջմարզային համագործակցությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։