Փաշինյանը Կոպիրկինի հետ խոսել է ԼՂ կարգավորման գործում Մինսկի խմբի ձևաչափի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ և հավելել, որ դրանում մեծ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներդրումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների գործընկերների միջև առկա են սերտ շփումներ, ինչը կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում այդ ձևաչափի կարևորությունը:

Կորպիրկինն իր հերթին շեշտել է, որ իրենց նպատակն է ամեն ինչ անել երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Sputnik Արմենիա