ՍԻՄՈՆՅԱՆԸ ԻՐԱՎԱՑԻ ԷՐ. ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ Է ՆԵՏՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

Բրյուսելում կայացած հանդիպումից 4 օր անց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց մեկ գերու։ Ընդամենը մեկին. ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ապրիլի վերջին մոլորված ու գերեվարված Էդուարդ Մարտիրոսովին։ Դրա համար բնավ պետք չէր բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել Եվրախորհրդի նախագահի մասնակցությամբ. հայ ժամկետային զինծառայողի վերադարձը բխում էր միջազգային կոնվենցիաների շրջանակներում Բաքվի պարտավորություններից։ Այսինքն Ադրբեջանը պարզապես արեց այն, ինչը պարտավոր էր անել համաձայն միջազգային իրավունքի նորմերի։

Հիշեցնեմ, որ ապրիլի 6-ին ԵՄ միջնորդությամբ կայացած նախորդ հանդիպման արդյունքում տեղի ունեցավ բավական ցուցանշական պատմություն։ Մի քանի օր անց Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարեց, թե Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում սպասվում է գերիների խմբի վերադարձ։ Ինքնըստինքյան ենթադրվում էր, որ խոսքը պատերազմի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո գերեվարվածների մասին է։ Նման բան տեղի չունեցավ։ Ինչը առիթ տվեց Նիկոլ Փաշինյանին մայիսի 11-ին Նիդեռլանդներում «դասախոսության» ժամանակ գանգատվել, որ Ալիևը գերիների հարցը վերածել է սակարկման առարկայի՝ մոռանալով այդ կեղտոտ ու ցինիկ սակարկության մեջ սեփական խորշելի դերի մասին։ Փաշինյանը պատմեց նաև, որ վերջին անգամ ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահը խոստացել է ազատ արձակել գերիների հերթական խմբին, սակայն դա չի արվել:

Բաքվի արձագանքը հաջորդեց վայրկենապես. ԱԳՆ ներկայացուցիչն անվանեց Փաշինյանի մեղադրանքները «անհիմն և իրականությունից կտրված»: Այդտեղ ճիշտ ժամանակն էր, որ հարցում հստակություն մտցներ բարձրաստիճան միջնորդը՝ Շառլ Միշելը, բայց նա գերադասեց լռել։ Այդպես էլ անհայտ մնաց, թե երկու հանցակիցներից որ մեկն է ստում. Փաշինյան, թե Ալիևը։ Նույնիսկ հաշվի առնելով ստի ու մանիպուլյացիայի հանդեպ Նիկոլի հանրահայտ հակվածությունը, կհամարձակվենք ենթադրել, որ այս անգամ նա չէր ստում, պարզապես Ալիևի ձեռքի տակ «հարմար» գերի չկար. Ադրբեջանում պահվող գրեթե բոլոր հայերը շինծու գործերով դատապարտված են որպես դիվերսանտներ կամ ահաբեկիչներ։

Այժմ հարց. ո՞ւր է երաշխիքը, որ Էդուարդ Մարտիրոսովը ապրիլի 23-ին չի առևանգվել հենց որպես «մարդասիրական ժեստ» վերադարձվելու և Բաքվի «խաղաղասիրական» ձգտումները հաստատելու նպատակով: Մանավանդ եթե հաշվի առնենք այդ կարգի առևանգումների բազմամյա պրակտիկան՝ 44-օրյա պատերազմից դեռ շատ առաջ և նույնպես որոշակի նպատակներով։ Ստույգ կարելի է պնդել մեկ բան. եթե անգամ հենց այդպես էլ եղել է, ՀՀ իշխանությունները երբեք հրապարակավ չեն ընդունի այդ փաստը, որպեսզի չմատնեն Բաքվի իրենց «կառուցողական» յուզգյարներին։

Մինչդեռ ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը գնալով ավելի է մղվում հետին պլան՝ իսպառ մոռացության մատնվելու ակնհայտ հեռանկարներով։ Ընդ որում դա երևում է նույնիսկ պաշտոնական տեքստերի և դրանց մեջ արված շեշտադրումների օրինակով։ Այսպես, ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ ասվում էր. «Եվրախորհրդի ղեկավարն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ամբողջական և շուտափույթ լուծում տալ բոլոր հումանիտար խնդիրներին, ներառյալ գերության մեջ պահվող անձանց և անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը»:

Այժմ մեջբերում անենք նույն Միշելի մայիսի 23-ի հայտարարությունից։ «Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»։ Եվ վերջ. չկան «գերիների ամբողջական և շուտափույթ ազատ արձակման» ո՛չ պահանջներ, ո՛չ էլ կոչեր, իսկ հումանիտար հարցերի թվում առաջին պլան է մղվել ականազերծումը։ Բացատրել, որ նման պաշտոնական հայտարարություններում այդպիսի «պատահականություններ» չեն լինում, կարծում ենք, ավելորդ է։

Հատկապես եթե հաշվի առնենք, որ Փաշինյանն անձամբ բացահայտ խոստովանել է, որ գերիների վերադարձը նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից այլևս չի դիտարկվում որպես բանակցությունների գլխավոր հումանիտար խնդիր։ Մայիսի 24-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում այդ հարցի վերաբերյալ նրա անկեղծացումները պարզապես ապշեցնում են իրենց ցինիզմով։ Այսպես, նա հայտարարեց, որ Հայաստանը չի առաջադրելու գերիների վերադարձի հարցը որպես Ադրբեջանի հետ քաղաքական գործընթացների նախապայման։

«Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է. հումանիտար հարցերը պետք չէ կապել քաղաքականների հետ: Դրանք առանձին հարցեր են, և առանձին-առանձին դրանք շատ ավելի կարևոր նշանակություն և կշիռ ունեն»,- ասաց դավաճանների թիմի ղեկավարը, դրանով իսկ խոստովանելով, որ քաղաքական հարցերը՝ Բաքվի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումն ու սահմանազատումը շատ ավելի կարևոր են հայկական իշխանությունների և միջնորդների համար, քան Հայաստանի մոտ 120 քաղաքացիների ճակատագիրը, որոնք արդեն կես տարուց ավելի Ադրբեջանում անցնում են դժոխքի բոլոր պարունակներով։ Փաստորեն, վերադարձնելով ռազմագերիների հետ ոչ մի կապ չունեցող Մարտիրոսովին՝ Բաքուն բրյուսելյան հանդիպման արդյունքներով անջրպետվեց իր «հումանիտար պարտականություններից», և հայկական կողմը բոլորովին դեմ չէ դրան։

Պե՞տք է արդյոք դա հասկանալ այնպես, որ այսուհետ քաղաքական հանդիպումներում հայ գերիների ազատ արձակման հարցն ընդհանրապես չի շոշափվելու կամ հիշատակվելու է հպանցիկ՝ զուտ ձևականորեն։ Հաշվի առնելով վերն ասված ամենը, ինչպես նաև Փաշինյանի խունտայի առաջին դեմքերից մեկի՝ Ալեն Սիմոնյանի խոստովանությունը, որ իր համար «հայ գերիներ գոյություն չունեն», դա առավել քան հավանական է։ Փաշինյանի խոսքերով՝ «այդ հարցում ամենաարդյունավետ մեթոդը միջազգային ճնշումն է Բաքվի վրա», և իշխանությունները, իբր, «գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հնարավորինս արագ լուծեն այդ հարցը»:

Այսպիսով, միակ բանը, ինչի վրա այսուհետ կարելի է հույս դնել, հայկական դիվանագիտության պրոֆեսիոնալիզմն ու ակտիվությունն է։ Բավական անմխիթարական է հնչում, եթե չասենք՝ անհույս, հաշվի առնելով փաշինյանական ԱԳՆ-ի աշխատանքի տխրահռչակ որակը՝ երբեմնի թուրքական լրտես «Արաբատ» Միրզոյանի ղեկավարությամբ։ ԱՄՆ կատարած այցի ձախողման հետ կապված վերջին սկանդալը, որի խայտառակ մանրամասները հայտնի են դարձել լայն հանրությանը, դրա լավագույն հաստատումն է։ Թույլ տվեք հարցնել. քանի՞ հայ գերի է ազատ արձակվել Հայաստանի կողմից «ճնշման» արդյունքում։ «Գուգլ»-ում պարզ որոնումն ապացուցում է, որ դա միշտ էլ տեղի է ունեցել երրորդ կողմի նախաձեռնությամբ. կա՛մ Ռուսաստանի, կա՛մ եվրոպացիների:

Վերջին անգամ գերիների խումբ վերադարձվել է փետրվարի 7-ին՝ գրեթե 4 ամիս առաջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդական ջանքերի արդյունքում։ Ցավոք, անհնար է չնկատել, որ ՀՀ ԱԳՆ-ի իրական շահագրգռվածության և պատշաճ աշխատանքի բացակայության խորապատկերին միջազգային միջնորդները նույնպես վաղուց կորցրել են հետաքրքրությունն այդ հարցի նկատմամբ։ Չենք խոսում արդեն այն մասին, որ հայ գերիների նկատմամբ կոպտորեն սարքած դատական գործերն ու կայացված խիստ դատավճիռներն այդպես էլ գոնե հրապարակային դատապարտման առարկա չդարձան պաշտոնական Երևանի կողմից։

Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկը, բայց Հայաստանը մտադիր չէ քաղաքական գործընթացների նախապայման դարձնել գերեվարված, իսկ ավելի ճիշտ՝ դավաճանների կողմից հայկական տարածքների հետ մեկտեղ հանձնված մարդկանց վերադարձը։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունների համար թուրքական պահանջների կատարումը շատ ավելի կարևոր է, քան Ալիևի կողմից հանցավոր կերպով պահվող հայրենակիցների ճակատագիրը։ Որովհետև Փաշինյանն ու Թուրքիայում և Եվրոպայում նստած իր տերերը շատ են շտապում Արցախը կրկին բռնի ուժով խցկել ցեղասպան պետության կազմ և հնարավոր առավելագույնը կորզել բուն Հայաստանից։ Իսկ ընկնել գերիների հետ կապված «գլխացավանքի» մեջ, որոնց վրա ձեռքը թափ է տվել սեփական երկրի ղեկավարությունը, ոչ մեկին առանձնապես պետք չէ։

Իսկ չէ՞ որ մեկ տարի առաջ նախընտրական տենդով բռնված նույն Փաշինյանը ոգևորված խոստացավ վերադարձնել գերիներին, եթե նրանք «համաձայնեն» սպասել ևս երկու-երեք ամիս։ Այսօր նույն այդ Փաշինյանը, որն արդեն թքած ունի ընտրողների ձայների վրա, խոսում է գերիների մասին, օգտագործելով ոչ թե հայ մասնագետների տվյալները, այլ հլու-հնազանդ կրկնելով Բաքվի սաստիկ նվազեցրած թվերը։

«Եթե ՀՀ վարչապետը, հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավելի գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը»,- Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա կրկին ընդգծել է, որ գերիների իրական թիվը 119 է։

Թե ինչպես անվանել նման մոտեցումը. սրբապղծություն, թե ծայրահեղ ցինիզմ, արդեն այնքան էլ կարևոր չէ՝ սեփական պետության դեմ ուղղված այն գլոբալ հանցագործության խորապատկերին, որ շարունակում են կատարել ՀՀ դե ֆակտո իշխանությունները։ Եթե կարելի է միտումնավոր հանձնել սեփական պատմական տարածքները մարդկանց հետ միասին, եթե կարելի է օգտագործել մարդկային ողբերգություններն ընտրություններում շահարկումների համար, եթե կարելի է դավաճանել սեփական երկրի շահերին և բացահայտ աշխատել հօգուտ այլ՝ թշնամական պետությունների, ապա ի՞նչ է այդպիսի իշխանության համար 119 հայերի ճակատագիրը։