Ամենայն հայոց կաթողիկոս․ Մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։

Կաթողիկոսն ընդգծել է, որ Առաջին հանրապետության հռչակումը արգասիքը եղավ հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների։

Առաջին հանրապետությունն էլ, նրա գնահատմամբ, դարձավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին հետագա մեր հաղթանակները՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։

«Այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի»,– ասված է կաթողիկոսի ուղերձում:

Գարեգին Երկրորդն իր պատգամն է հղում հայ ժողովրդին` հաղթահարել ներկայիս բարդ մարտահրավերները և ամեն միջոց ի սպաս դնել` պահպանելու և ծաղկուն դարձնելու Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: