Պուտինը և Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա շեշտադրմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ալիևը տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։
«Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական ասպեկտներ։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի՝ փետրվարին Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները, տեղեկացնում է News.am-ը։