Ալեն Սիմոնյանը չասաց՝ հիմա էլ է Աղդամն իր հայրենիքը համարում, ինչպես տարիներ առաջ էր համարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր խորհրդարանում լրագրողը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է Աղդամը համարել իր հայրենիքը, քանի որ տարիներ առաջ՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ինքը Աղդամից նկար էր հրապարակել և կից գրել, որ Աղդամն իր հայրենիքն է։
«Տեսեք, Կարսում ծնվել է իմ տատիկը, և Կարսը նույնպես ինչ-որ չափ իմ հայրենիքն է, որովհետև իմ տատերը, պապերը Կարսից են և համեմատել իրավիճակը մինչ պատերազմը և պատերազմից հետո, ֆեյսբուքյան տրամաբանության մեջ , թե՝ այ, դու այս ինչ ժամանակ էս ինչ ես ասել, էն ինչ ես ասել։ Գիտեք, ամեն ժամանակ, ամեն իրավիճակ քաղաքականություն է և աշխարհում իրավիճակ է փոխվել»,– ի պատասխան հարցին՝ ասաց ԱԺ նախագահը։
Դիտարկմանը, որ ինքը այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանին քննադատելու համար, քանի որ նա համարում էր, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում, հատկապես վերջում, փորձել է հանրությանն այդ միտքն ասել, որ իրենք բանակցել են այն բանի մասին, որ Արցախն այլևս բանակցային առումով չեն կարող դուրս բերել։ Եվ դրա մասին էր խոսում այն, որ նա ասում էր, որ կուզի, որ ադրբեջանցի երեխաները գան այստեղ ապրեն։ Մի անգամ ասաց՝ թող սահմանամերձ գյուղերում չապրեն, թող տեղափոխվեն մնացած տեղեր, կամ, որ ասում էր՝ մարտավարական առումով այդ 800 հեկտարը նշանակություն չունի։ Ամբողջ հայկական լեռնաշխարհն իմ հայրենիքն է, ամբողջ հայկական լեռնաշխարհը»,– ասաց Սիմոնյանը, սակայն, չցանկացավ կրկնել նախկինում արված խոսքերը, որ Աղդամն իր հայրենիքն է։
Լրագրողը պնդեց՝ Աղդա՞մն էլ է Ձեր հայրենիքը, ԱԺ նախագահը լրագրողի պահվածքը որակեց լկտի և խուսափեց պատասխանել նրա մյուս հարցերին, տեղեկացնում է News.am-ը։