Ռյաբկով․ Կիևին ԱՄՆ-ի կողմից զինելը մեծացնում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի անմիջական բախման վտանգը

Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, ինչպիսի փաստարկ էլ բերի Վաշինգտոնը, մեծացնում է ՌԴ–ի և ԱՄՆ–ի անմիջական բախման վտանգը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով` ԱՄՆ–ն երկար տարիներ ոչինչ չի փորձել անել ուկրաինական հակամարտությանը լուծում գտնելու համար։ Իսկ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «իրավիճակի նկատմամբ խելամիտ մոտեցում ընդհանրապես վերացավ»։ Ռյաբկովը նշել է, որ այժմ Վաշինգտոնը փորձում է անել ամեն բան Ռուսաստանին ռազմավարական հարված հասցնելու համար։

Նա նշել է նաև, որ հակամարտության ձգձգումը ձեռնտու է Ռուսաստանի թշնամիներին, սակայն այն նպատակները, որոնք դրել է ՌԴ–ն Ուկրաինայում հատուկ գործողության հարցում, ամեն դեպքում կիրագործվեն։

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ հունիսի 1-ին ԱՄՆ–ն կներկայացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառում է HIMARS հրթիռային համալիրներ։ Ընդ որում նշվում էր, որ Կիևին մատակարարվող հրթիռային համակարգերը չեն կարողանա խոցել Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող թիրախները։

Sputnik Արմենիա