Միրզոյան․ Կարևորագույն առաջնահերթություն է ՀՀ-ի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը
Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունը Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումն է, ինչպես նաև՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս մասին հունիսի 6-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, մանրամասն ներկայացրեց իր բոլոր հանդիպումները, ինչպես նաև մյուս պաշտոնյաների հանդիպումները և դրանց բովանդակությունը։ Միրզոյանը վստահեցրեց, որ քննարկումների ձևաչափի տեսանկյունից հայկական կողմի համար առանձնահատուկ նշանակություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը։ «Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո, ելնելով շահագրգիռ պետությունների դիրքորոշումներից և հայկական կողմի հետ համատեղ աշխատանքից, 2021 թ. սեպտեմբերին Նյու Յորքում, իսկ հետո՝ նույն թվականի նոյեմբերին, տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման վերաբերյալ»,- նշեց Միրզոյանը:
Հաստատվել է նաև սահմանային գոտում դեէսկալացման անհրաժեշտությունը, հումանիտար հարցերի կարգավորումը, ընդգծվել է սադրանքների և հակահայկական հռետորաբանության անթույլատրելիությունը։
News.am