Ագնեսա Խամոյան․ Չենք մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդի նիստին
Մամուլում տարածված տեղեկությունը, որ մենք այսօր չենք մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդի նիստին, համապատասխանում է իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Որոշումը պայմանավորված է առկա ներքաղաքական իրավիճակով, ինչպես նաև այն ձևաչափով, որով ընթանալու է նիստը: Ընդդիմադիրները ելույթով հանդես գալու իրավունք չեն ունենալու նիստի ժամանակ: Միայն խոսնակներն են կարողանալու ելույթ ունենալ:
Այս փաստը և Հայաստանում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նպատակահարմար չեն գտել մասնակցել այսօրվա նիստին:
Մյուս կողմից մենք շատ կարևորում ենք ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկխոսությունը և պատրաստ ենք հանդիպել: Այս բոլոր հիմնավորումներով մենք օրեր առաջ նամակ ենք ուղարկել Վոլոդինին և վստահ ենք, որ ըմբռնումով են մոտեցել մեր այս որոշմանը»,- նշեց Խամոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները նամակ են ուղարկել ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպտակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին և իրավիճակը։
Նրանք նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու համար օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։