ՂԵԿԻՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՂԾԻՔՆ ԵՆ. Ո՞Վ Է ՄԵԿՆԵԼՈՒ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հունիսի 3-ին հաղորդել Է, որ այս շաբաթ Ստրասբուրգում տեղի է ունենալու «հայ և ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչների» հանդիպում: Նրա խոսքերով՝ այդ նախաձեռնությունը քննարկվել Է Բրյուսելում և համաձայնեցվել անցած տարվա դեկտեմբերին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: «Ստրասբուրգ կմեկնի Ադրբեջանի ընդհանուր 10 ներկայացուցիչ։ Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին մասնակցելն է»,- ասել է Գրոսը։

Սկզբի համար արձանագրենք. հանդիպումը տեղի է ունենալու արդեն առաջիկա օրերին, հնարավոր է՝ պատվիրակություններն արդեն մեկնել են Ստրասբուրգ: Սակայն նախաձեռնության մասին, որը քննարկվել է, ինչպես պարզվում է, դեռևս դեկտեմբերին, հայ հասարակությունը իմանում է վերջին պահին և կրկին իսկ Բաքվից։ Նույնիսկ ֆրանսիացի դիվանագետի հայտարարությունից հետո Երևանում ոչ ոք չի հաստատել և առավելևս չի մեկնաբանել այդ հայտարարությունը։ Մինչդեռ խոսքը բավական կարևոր միջոցառման մասին է, որը, դատելով ամենից, պիտի դառնա երիտասարդների մասնակցությամբ ինչ-որ խաղաղարար ծրագրի սկիզբ։

Եվ այստեղ առաջանում են մի շարք հարցեր։ Ո՞վ և ինչպես է ձևավորել խումբը՝ ադրբեջանցիների, ինչպես նաև ֆրանսիացի և գերմանացի հասակակիցների հետ հանդիպմանը մասնակցելու համար: Ո՞ր հասարակական կազմակերպություններն են ներկայացնելու հայ մասնակիցները, ի՞նչ չափորոշիչներով է անցկացվել ընտրությունը: Ի՞նչ նպատակադրույթներ են տրված Հայաստանի ներկայացուցիչներին (իսկ այդպիսիք անպայման տրվում են նման հանդիպումներից առաջ), ինչպիսի՞ թեմաներ և ի՞նչ կերպ են նրանք քննարկելու հասակակիցների հետ։

Հասկանալի է, որ Արևմուտքը ձեռնամուխ է եղել իր հերթական և իրենց բացարձակ երեսպաշտությամբ, ձևականությամբ ու արդյունքում անարդյունավետությամբ անասելի զզվեցրած նախագծերին, որոնք վերամբարձ անվանում են խաղաղարար։ Նման նախագծեր բազմիցս իրականացվել են անցյալում, դրանցում ներգրավված են եղել տարբեր մասնագիտությունների և հասարակության շերտերի ներկայացուցիչներ։ Թե ինչքան փող են շռայլել արևմտյան և ռուսական գրանտատուները այդօրինակ բազմաթիվ հանդիպումների և անվերջանալի դատարկ խոսակցությունների վրա, դժվար է ասել, բայց գումարները անկասկած հասնում են հարյուր միլիոնավոր դոլարների։

Սակայն 25-ամյա այդ ողջ դատարկախոսությունը բացարձակ անօգուտ էր, քանզի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն ու Թուրքիան ամենբարբարոսական ձևով, խախտելով միջազգային բոլոր նորմերը, հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա և բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարեցին՝ սպանելով հազարավոր մարդկանց, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիների, ավերելով և բռնազավթելով հայկական երկրամասի շուրջ 75 տոկոսը։ Ագրեսիան շարունակվում է նաև այսօր. բառացիորեն օրերս Արցախի դատախազությունը հայտնել է, որ պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը հանրապետության բնակիչների նկատմամբ կատարել են շուրջ 90 հանցագործություն: «Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փաստացի օր անգամ չի անցնում, որ փորձագետներն ու լրագրողները չահազանգեն այն առնչությամբ, որ ՀՀ տարածքի սողացող բռնազավթումը շարունակվում է. Ադրբեջանի զինված ուժերը, Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ, արդեն ավելի քան մեկ տարի առաջ են շարժվում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում՝ յուրացնելով հայկական հողերի նորանոր կիլոմետրեր: Մայիսի 28-ին տեղի ունեցավ հերթական հանցագործությունը. դիպուկահարի գնդակը սպանեց հայ ժամկետային զինծառայողին: Ադրբեջանի նախագահը անդադրում հնչեցնում է պատերազմի և Հայաստանի գրեթե ողջ տարածքը, ներառյալ Երևանը զավթելու սպառնալիքներ։

Բաքուն հրաժարվում է վերադարձնել մոտ 120 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ ներկայացնելով նրանց իբրև ծայրահեղականներ, դիվերսանտներ ու ահաբեկիչներ: Ամենշաբաթյա ռեժիմով շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, պղծումը և յուրացումը գրավյալ տարածքներում։ Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը ոչ միայն չի թուլանում, այլև հակառակը, ակտիվորեն թափ է հավաքում։

Սա է այն իրավիճակը, եթե շատ հակիրճ ներկայացնենք, որի խորապատկերին Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի և Գերմանիայի, մտադրվել է հաշտեցնել հայ երիտասարդներին ու ադրբեջանցիներին։ Կարելի է չկասկածել, որ թվարկված ամենի մասին այդ հանդիպման ընթացքում չի խոսվելու. թերևս միայն գերիների հարցը հպանցիկ կհիշատակեն, զուտ ձևականորեն։ Փոխարենը՝ լիառատ կհոսեն կեղծիքով ներծծված ու սրտխառնոց առաջացնող նեյնիմներն այն մասին, թե ինչքա՜ն կարևոր է հաշտ ու համերաշխ ապրելը։ Կարող են նաև դասախոսություն կարդալ, թե ինչպես են հաշտվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախկին թշնամիները՝ ֆրանսիացիներն ու գերմանացիները, ուստի հայերն ու ադրբեջանցիներն էլ, իբր, պետք է հետևեն այդ օրինակին։

Իրականում վերոնշյալ հարցերը զուտ հռետորական բնույթ են կրում, և արդեն իսկ կարելի է վստահորեն տալ դրանց պատասխանները։ Ո՞վ է մեկնելու Ստրասբուրգ։ Բնականաբար, ոչ այն հայ երիտասարդները, որոնք այս օրերին փողոց են դուրս գալիս՝ պայքարելու Հայրենիքում իրենց ապագայի համար, ոչ նրանք, որոնք Երևանում միջազգային միջոցառումների հարթակներ են վազում Արցախի դրոշով, ոչ էլ նրանք, ովքեր բարձրացնում են իրենց ձայնը հայկական պետությունների թուրքացման դեմ։ Բնականաբար, ՀՀ պատվիրակության կազմում տեղ չի գտնվի Արցախի երիտասարդների համար, թեև նախորդ տարիներին բազմաթիվ խաղաղարար հանդիպումներ անցկացվել են հենց եռակողմ ձևաչափով. Հայաստան-Արցախ-Ադրբեջան (հաճախ՝ նաև Վրաստան)։

Ստրասբուրգ կմեկնի պայմանական «սորոսականների» նոր սերունդը, որն արդեն գաղափարական մշակում է անցել համապատասխան կազմակերպություններում և մասնակցել արևմտյան դոնորների կազմակերպած միջոցառումներին: Դրանք կլինեն կեղծ և իրենց էությամբ հակահայկական թեզերով լվացած ուղեղներով նույնպիսի երիտասարդներ, ինչպիսին նրանք էին, ովքեր տասնամյակներ շարունակ շռայլ դրամաշնորհների հաշվին Հայաստանում ձևավորեցին իսկական «հինգերորդ շարասյուն», որը ոչ միայն սատարեց, այլև ակտիվորեն մասնակցեց և՛ տխրահռչակ «հեղափոխությանը», և՛ երկրի համար աղետալի հետագա բոլոր իրադարձություններին։ Նրանք, ովքեր այսօր լիովին բավարարված են և՛ Արցախի հանձնմամբ, և՛ Սյունիքի ու Գեղարքունիքի բռնազավթմամբ, և՛ Թուրքիայի հետ գալիք «հաշտեցմամբ», և՛ Հայաստանում բռնապետության հաստատմամբ ու առհասարակ անխտիր ամեն ինչ հանձնելու և բացառապես հայկական պետության ու ժողովրդի գոյաբանական շահերի հաշվին տարածաշրջանում «խաղաղություն» հաստատելու դավաճանների թիմի պատրաստակամությամբ։

Քանի որ միայն այդ դեպքում դավաճանները կմնան իշխանության ղեկին, իսկ դրամաշնորհները կշարունակեն լիառատ հոսել, ինչպեսև ձրի ուղևորությունները ստրասբուրգներ ու բրյուսելներ, սեմինարները, համաժողովներն ու ողջ այդ ցինիկ և փարիսեցիական «խաղաղարար» զառանցանքը, որի գինը հայկական արյան ու աղետների ծովն էր։ Հինգերորդ շարասյան լավ մշակված ու ավագ ընկերների ավանդույթները շարունակելու պատրաստ հենց այդ նոր սերունդն էլ ներկայացնելու է հանդիպմանը... չէ, բնավ ոչ Հայաստանը. միայն ու միայն Նիկոլին ու իր խունտային։

Հենց այդ չափանիշներով էլ, կարող եք վստահ լինել, կատարվել է ընտրությունը։ Եվրոպացիներին պետք չեն իրենց երկրի մտածող հայրենասեր երիտասարդները, այլ պետք են նրանք, ովքեր բթամտորեն կկրկնեն իրենց ուղեղը մտցված անկենսունակ ու ապիկար դոգմաներն այն մասին, թե ինչպես են իրենք ուզում բարեկամություն անել նրանց հետ, ովքեր 2 տարի առաջ անխնա սպանել են իրենց հասակակիցներին, մահ ու ավերմունք սփռել իրենց Հայրենիքում, համացանցում տեղադրել տանջամահ արված հայ զինվորների լուսանկարները։

Կարելի է չկասկածել, որ հայկական պատվիրակության կազմում կլինեն Փաշինյանի հավատարիմ կողմնակիցները, որոնք վստահ կճամարտակեն «խաղաղության դարաշրջանին» պատրաստակամության մասին և կգովերգեն «թավշե հեղափոխության» ժողովրդավարական «նվաճումները»։ Կարելի է չկասկածել նաև, որ նրանց մեջ չի գտնվի գեթ մեկը, ով սեղանին կդնի Արցախի դրոշը և կասի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ինչպեսև կասկածից վեր է, որ հերթական «խաղաղարար» վհուկատոնը մի քայլ անգամ չի մոտեցնի խաղաղությունը տարածաշրջանում, քանզի դրա նախաձեռնողները կրկին ուզում են կառուցել այդ խաղաղությունը ի հեճուկս աղաղակող իրողությունների և անվիճելի ճշմարտության։ Չցանկանալով հասկանալ (իսկ ամենայն հավանականությամբ՝ գերազանց հասկանալով, բայց առաջնորդվելով այլ շահերով), որ անհնար է քայլափոխ անել արյան, մահվան, տառապանքների և աղաղակող անարդարության վրայով ու վիրտուալ խաղաղություն կառուցել այն տարածաշրջանում, որի վերևում կախված է, այդ թվում նաև իրենց թեթև ձեռքով, հայոց նոր ցեղասպանության իրական սպառնալիքը։