Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների դեպքերով 10 անձ է կալանավորվել
Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին խաղաղ հավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումների դեպքերով հարուցված քրեական գործով 10 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ այդ օրը ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։
«Քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ): 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և ձերբակալվել է, որպեսզի հետո կալանավորման միջնորդություն ներկայացնեն նրա վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա