Միրզոյան․ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժման հարցը մինչև հիմա բաց է մնում
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի ներխուժմանը ՀԱՊԿ-ի արձագանքման խնդրին` նշելով, որ այդ հարցը միչև հիմա բաց է մնում։
«Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին։ Բայց մինչև հիմա բաց է մնում ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժման հարցը` 2021թ–ի մայիսին»,– ասաց Միրզոյանը` ներկայացնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը, որոնց թվում է եղել նաև ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների թեման։
«Սկզբում նեղ, ապա և ընդլայնված կազմով մենք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել ենք միջազգային ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի տենդենցները, շոշափել ենք նաև ՀԱՊԿ–ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմների թեման, որը, ինչպես գիտեք, հանդիսանում է հայկական նախագահության առաջնահերթությունը»,– մամուլի ներկայացուցիչներին հայտնեց ԱԳ նախարարը։
Միրզոյանը վերահաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ–ի հետ նախաձեռնողական համագործակցությանը։
Sputnik Արմենիա