Շուռնուխի համար այլընտրանքային ճանապարհն այս պահին չի գործում
Շուռնուխ գյուղի բնակիչները մինչ օրս չեն կարողանում երթևեկել կառուցվող այլընտրանքային ճանապարհով, քանի որ ճանապարհի հողային աշխատանքները չեն ավարտվել: Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Գորիս հասնելու համար մենք դեռևս օգտվում ենք Մ2 ճանապարհից՝ գնում ենք Որոտան, ապա՝ Խոտ գյուղ: Այդպես նախկին 40 րոպեի փոխարեն մեկուկես ժամում ենք հասնում Գորիս»,- ասաց Արշակյանը:
Հակոբ Արշակյանի խոսքով՝ թշնամին վերջին ամիսներում սադրանքների չի դիմում, չի հրահրում:
«Առաջվա համեմատ հանգիստ են: Հնարավոր է ինչ-որ մարտավարություն է՝ չեմ բացառում: Մեր բնակչությունն էլ հասկանում է իրավիճակը և հարմարվել է: Մեզ մոտ, եթե խաղաղ բնակչություն չլինի, մեր տղաները ագրեսիվ կարող են լինել: Բայց քանի որ ունենք ծերեր, կանայք և երեխաներ, սադրանքներ չեն լինում: Գյուղից հեռացել են միայն այն ընտանքիները, որոնք իրենց տները հանձնել էին թշնամուն: Նրանք այժմ վարձակալությամբ ապրում են Գորիսում և սպասում են փոխհատուցմանը, որպեսզի վերադառնան գյուղ»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:
Հակոբ Արշակյանի խոսքով՝ գյուղացիները շտապօգնության համար Կապանի հիվանդանոց, իսկ սննդի խնդիրը գյուղում լուծվել է:
«Հիմա արդեն գյուղի խանութն աշխատում է, բայց հաճախ առաքիչները դժվարությամբ են այս ճանապարհներով գալիս, հիմնականում խանութի տերն է իր միջոցներով այլ ճանապարհով բերում սննունդը»,- ասաց Արշակյանը: