Նորաբակ գյուղը մեկ տարուց ավել է՝ զրկված է ջրից

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղը 2021 թվականի մայիսի 12-ից հետո՝ երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք, ամբողջովին զրկվել է իր ջրագծերից:

«Մենք մինչև պատերազմը ջրագիծ էինք կառուցել, որի երկուկիլոմետրանոց հատվածը մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ, և չենք կարողանում այդտեղից օգտվել: Մեկ այլ ջրագծի մոտ էլ կանգնած են ադրբեջանցիները: Այդ ջրագիծը լավն էր, ամբողջ գյուղին բավարարում էր և ոռոգման, և խմելու համար: Հիմա մենք օգտվում ենք ջրագծից, որն իրենց մոտ գտնվող սարից է իջնում, գյուղացիները դույլերով ջուրը բերում են: Մտավախություն, իհարկե, ունենք, որ կարող ենք իրենց հատվածից թունավորել, բայց, ինչ արած, այլ տարբերակ չունենք: Գյուղացիներն այդքան գումար չունեն, որ ամեն անգամ խանութից ջուր գնեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը:

Վազգեն Ասատրյանի խոսքով՝ մայիսի 12-ից հետո նաև հազար հեկտարից ավել արորատավայր անցնել է Ադրբեջանի տիրապետության տակ:

«Սա նույնպես լուրջ կորուստ է մեզ համար: Այդ արոտավայրերում հարյուրավոր եղջերավորներ կարողանում էին արածել, գյուղացիները խոտ էին քաղում: Հիմա էլ մեզ մոտ արոտավայրեր կան, որոնք մոտ են իրենց ու ամեն անգամ չէ, որ գյուղացիները կարողանում են խոտ քաղել: Գյուղացիները դժվարությամբ են համակերպվում այս վիճակին, հույս ունենք, որ գոնե աշնանացանը լավ արդյունքներ կտա»,- նշեց Ասատրյանը: