ՊԱՐՈՆԱՅՔ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆԵՐ, ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐ ԵՎ ԱՃԵՄՅԱՆՆԵՐ, ԵԹԵ ԱՍՈՒՄ ԵՔ «Ա», ԱՍԵՔ ՆԱԵՎ «Բ»

Հունիսի 3-ին Դիմադրության շարժման երթի ժամանակ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները լրջորեն անհանգստացրեցին իշխանություններին։ Սակայն նրանց վախեցրեց ոչ թե ցուցարարների հետ ոստիկանության ընդհարման բուն փաստը (իսկ բախումներն ակնհայտորեն հրահրվեցին հենց ոստիկանության ղեկավարության կողմից՝ դեռևս տեր-պետրոսյանական ժամանակներից հայտնի հին ձևաններով), այլ այն, որ ի սկզբանե մտածված ծրագրում ինչ-որ բան այնպես չգնաց։

Կարելի է ենթադրել, որ ոստիկանության ղեկավարությանը, նախ՝ սաստիկ վշտացրել է երթի առաջնորդների յուրաժամանակ կայացրած որոշումը՝ չտրվել սադրանքներին և խուսափել Նիկոլի օպրիչնիկների հետ զանգվածային բախումներից, դրանով իսկ նրանց զրկելով Շարժումը բռնի ուժով և հիմնավորապես ճնշելու առիթից: Երկրորդ՝ հատուկ միջոցները կիրառվեցին այն աստիճան անգրագետ ու ոչ պրոֆեսիոնալ ձևով, որ հարվածի գոտում արդյունքում հայտնվեցին հիմնականում ոստիկաններ, այլ ոչ թե ցուցարարներ։ Իրավակարգի տասը պահապաններ տեղափոխվեցին հիվանդանոց՝ այրվածքներ ստանալով լուսաձայնային նռնակների պայթյունից, որոնք, ինչպես հաղորդում են իրազեկ աղբյուրները, ժամկետանց են եղել:

Ակնհայտ է, որ այս փաստը չէր կարող դժգոհություն չառաջացնել շարքային ոստիկանների շրջանում, որոնք առանց այդ էլ ուժասպառ են հատուկ ռեժիմով արդեն մեկուկես ամիս ձգվող հերթապահությունից և վրդովված այն գիտակցումից, որ իրենք պարզապես սպասարկում են կատաղած տխմարի վախերը։ Հենց ցանկանալով թաքցնել իր սխալներն ու ձախողումները՝ ոստիկանության ղեկավարությունը սկսեց բացահայտ սուտ տեղեկություններ տարածել իրավապահների դեմ ցուցարարների կողմից ապօրինի միջոցների, ներառյալ քարերի, ամրանի ձողերի, մուրճերի ու այլևայլ իրերի իբր զանգվածային կիրառման մասին։

Իհարկե, այդ ամենը անհեթեթություն է և զառանցանք: Բացառությամբ գազազած օպրիչիկների ուղղությամբ նետված պլաստիկե շշերի, ցուցարարներն այլ «զենք» չունեին։ Ընդդիմադիրների շարքերում մեղավորներ փնտրելու փոխարեն, ոստիկանության ղեկավարությունը թող ավելի լավ է ապացուցի, որ մուրճն ու քարերը կիրառել են ոչ իր ուղարկած մարդիկ։ Նույնիսկ այն քրեական գործերում, որոնք այս պահին հարուցված են անկարգությունների շուրջ տասնհինգ «մասնակիցների» նկատմամբ, ինչպես վկայում են ԶԼՄ-ները, հիշատակումներ կան կարգուկանոնի պահապանների դեմ արգելված միջոցների կիրառման մասին, սակայն ապացույցներ, որոնք կհաստատեն, որ սադրանքը կազմակերպել են հենց ցուցարարները, առ այսօր չեն գտնվել:

Իսկ մինչ ոստիկանությունն ապարդյուն փորձում է դուրս գալ սեփական ծայրահեղ ջերմեռանդության արդյունքում ստեղծված փակուղային իրավիճակից, քաղաքական իշխանություններն ամեն կերպ փորձում են ձեռք մեկնել նրան՝ ի նշան երախտագիտության թեկուզև արջի, բայց այդուհանդերձ մատուցած ծառայության համար։ Նիկոլականներն ու նրանց սպասարկող կուսակցական և հասարակական տարատեսակ շրջանակները կաշվից դուրս են գալիս, որպեսզի արդարացնեն «կարմիր բերետավոր» հրոսակախմբերի բռնությունն ու սանձարձակ կամայականությունն ընդդեմ ցուցարարների։ Ոստիկանությանը շնորհակալություն են հայտնում, ներբողներ ձոնում, քծնում, խրախուսում «է՛լ ավելի վճռական գործողությունների», վերջապես, ի լրումն վերոթվարկյալի՝ գրեթե ողբում «խեղճ ու և սեփական բարությունից տառապող ոստիկանների դառը բախտը»։ Հեռուստաեթերն ու մեդիահարթակները բառացիորեն հեղեղված են Նիկոլի օպրիչնինայի պաշտպանությանն ուղղված ելույթներով ու հարցազրույցներով՝ ամենաբազմազան փաստարկավորման կիրառմամբ։

Ընդ որում դժվար չէ նկատել, որ վերջերս ոստիկանների ջերմեռանդ պաշտպաններն ու նրանց իբր ոտնահարվող իրավունքների համար պայքարող վայ-մարտիկները նոր հնարք են գործածում։ Եվ ինչ-որ բան մեզ հուշում է, որ ոստիկանական «փաստաբանների» ընդարձակ բանակի ականջին դա շշնջացել են արևմտյան «բարեկամ» երկրների դեսպանությունների աշխատակիցները։ Քանզի չափազանց ակնբախ են դուրս ցցված այդ հարցում, ինչպես կասեր Բուլգակովը, «օտարերկրյա խորհրդատուների» ականջները։ Խոսքը զարգացած, ժողովրդավարական երկրների իրավապահների հետ հայ ոստիկանների իրավունքների համեմատության մասին է։ Իբր՝ այնտեղ սովորական քաղաքացին իրավունք չունի նույնիսկ թույլատրելի հեռավորությունից ավելի մոտենալ ոստիկանին, էլ ուր մնաց՝ ֆիզիկապես դիպչել նրան։ Իսկ նրա նկատմամբ բռնություն կիրառելու մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ ոստիկանը, իբր, կարող է պատասխանել նույնիսկ հրազենի կիրառմամբ՝ համաձայն կանոնադրության և առանց դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի։

Հենց կանոնների այդ ժողովածուն են «առեղծվածային խորհրդատուների» մատուցմամբ ախորժանքով որոճում մեծ ու փոքր տրամաչափի իշխանամետ քաղաքական ու հասարակական գործիչները՝ փորձելով թլսորել ժողովրդավարական երկրների ոստիկանության իրավունքների ու պարտականությունների հարցում, ասենք այսպես՝ ոչ այնքան բանիմաց հայ քաղաքացու գլուխը։ Մերկախոս չլինելու համար այն կերպարների առնչությամբ, որոնք ակտիվորեն առաջ են տանում այն գաղափարը, թե հայկական ոստիկանությունը պետք է օժտված լինի ոչ պակաս լայն լիազորություններով և գործողությունների ազատությամբ, քան, օրինակ, եվրոպականը կամ ամերիկյանը, նշեմ մի քանի անուն։ Դրանով ակտիվորեն զբաղվում են տխրահռչակ Դանիել Իոաննիսյանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» սորոսական կազմակերպության ղեկավարը, Փաշինյանի կուսակցական պահունակի թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան բաժանմունքի ատենապետ Սեդրակ Աճեմյանը։ Ցուցակը կարելի է շարունակել, սակայն, կարծում եմ, այս խորշելի կերպարներն էլ բավական են։

Ահա ուրեմն, նշյալ պարոնայք, առանց խղճի խայթի, հասարակությանը տեղեկացնում են ոստիկանության լոկ իրավունքների մասին՝ չհիշատակելով ընդ որում այն պայմանները, որոնց պահպանման դեպքում են միայն ժողովրդավարական զարգացած պետությունների օրենսդրությունն ու քաղաքական ավանդույթները թույլ տալիս ոստիկաններին կոշտ գործողություններ ձեռնարկել պաշտպանվելու համար։

Բերեմ ընդամենը մի քանի օրինակ։

Չէր խանգարի, ասենք, որ այդ ստահակները, խոսելով Եվրոպայում ոստիկանի կամքի շրջանցումով նրան դիպչելու արգելանքի մասին, հավելեին այն փաստը, որ իրավապահն այնտեղ իրավունք չունի իր հագի ծառայողական համազգեստի վրա չունենալ տարբերակիչ ժետոն, որը նույնականացնում է նրա անձնական տվյալները։ Այդպիսի ոստիկանն Արևմուտքում ինքնաբերաբար ոչ միայն զրկված է իր բոլոր իրավունքներից ու գործողությունների ազատությունից, այլև կարող է վերադասի հետ միասին պատասխանատվության ենթարկվել այն բանի համար, որ անփութորեն կամ միտումնավոր թաքցրել է քաղաքացիներից իր տվյալները։

Այնպես որ թող բոլոր այդ իոաննիսյանները, ալեքսանյաններն ու աճեմյանները, քաղաքացիների աչքին թոզ փչելուց առաջ, պատասխանեն մի պարզ հարցի. ինչո՞ւ է ընդդիմության հանրահավաքներում իբր կարգ պահպանող հայ ոստիկանների զգալի մասը անտեսում այդ պարտադիր պահանջը։ Ինչո՞ւ են նրանցից շատերը շրջում առանց ժետոնի և թաքցնում դեմքը դիմակի տակ, ինչը թույլ չի տալիս նույնականացնել նրանց անձնական տվյալները: Եվ չի՞ նշանակում արդյոք դա, որ դրանք ամենևին էլ ոստիկաններ չեն, այլ անհամաչափ ուժ կիրառելու համար վարձված ջարդարարներ։ Իմիջիայլոց, մեր ստահակների կողմից այդչափ սիրված Եվրոպայում և ԱՄՆ-ում նման «ոստիկաններին» քաղաքացիները կարող են առանց որևէ իրավական պատասխանատվության պարզապես ուղարկել հայտնի հասցեով։

Անցնենք, սակայն, ավելի ծանրակշիռ համեմատությունների։ Գիտե՞ն արդյոք իոաննիսյանները, ալեքսանյաններն ու աճեմյանները, որ, օրինակ, Ֆրանսիայի պես ժողովրդավարական երկրում քաղաքական ճգնաժամի և զանգվածային հակակառավարական հանրահավաքների ժամանակ ոստիկաններին մեծ պարգևավճարներ տալը դատարանները կարող են մեկնաբանել որպես իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահում և կոռուպցիոն բաղադրիչ պարունակող քաղաքական քայլ։ Դե, իհարկե՝ գիտեն։ Բայց չեն հիշատակում այդ մասին՝ հիմար ձևանալով ու հիմարի տեղ դնելով սեփական լսարանին։

Անցնենք առաջ։

Տեղյա՞կ են արդյոք նշյալ սուտլիկները, որ Դանիայի պես ծայրահեղ բծախնդիր եվրոպական երկրում կառավարության ղեկավարը հազիվ թե համարձակվեր ոստիկանապետի պաշտոնում նշանակել իր համադասարանցուն և մանկության մտերիմ ընկերոջը։ Դանիայի օրենսդրությունը, բնականաբար, ապրիորի չի բացառում նման հնարավորությունը, սակայն կոռումպացվածության և քիրվայության մեջ ցանկացած պահի մեղադրված լինելու ռիսկը մոտեցնում է նման որոշումը կանոնախախտման նշագծին, այնպես որ Դանիայի վարչապետին ավելորդ գլխացավանք պետք չէ: Ի տարբերություն հայոց վարչապետի, որը ոստիկանության համակարգում անհեռանկարային միջակների դասին պատկանող իր համադասարանցուն միանգամայն բացահայտ ու անբռնազբոսիկ վերցրեց ու դրեց ոստիկանապետի պաշտոնին։

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կասեն մեր ճարպիկները Նորվեգիայի օրենսդրության առնչությամբ, որը խստորեն կանոնակարգում է երկրի կառավարության ղեկավարի պահպանության սխեման՝ ընդհուպ մինչև թիկնապահների թույլատրելի քանակն ու նրա ծառայողական ավտոմեքենայի բնութագրիչները: Հայտնի՞ է արդյոք իոանիսյաններին, ալեքսանյաններին, աճեմյաններին ու նրանց նմաններին, որ Նորվեգիայի Թագավորության ճանապարհապարեկային ծառայության շարքային ծառայողը կարող է տուգանք գրել և նույնիսկ առգրավել վարչապետի ավտոմեքենան, եթե դրա գնման ժամանակ խախտվել է թափքի լայնության թույլատրելի նորմը, ասենք՝ ընդամենը 10 սանտիմետրով։

Ընդ որում նման դեպք եղել է Օսլոյի ոստիկանության պրակտիկայում։ Ուստի հեշտությամբ կարելի է պատկերացնել Նորվեգիայի պետական մարմինների և հասարակության արձագանքը, եթե այդ երկրի վարչապետը հանկարծ որոշի Օսլոյում շրջել «Լեոնարդ» տանկի չափերի տասնյակ մեքենաների ուղեկցությամբ, ընդ որում արգելափակելով քաղաքի կեսը ողջ երկրի ոստիկանական զորքերի համակազմի կեսով: Եվ հընթացս մահացու վրաերթի ենթարկելով հետիոտներին:

Այսքանը բավարա՞ր է։ Թե՞ շարունակենք։ Կարծում ենք՝ իմաստ չունի։ Պարոնայք ստախոսներ ու երեսպաշտներ, ի գիտություն ձեզ. մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ոչ բոլորս ենք պատկանում ձեր նպատակային լսարանին, որն ավանդաբար զուրկ է գիտելիքներից, ուղեղից ու տարրական տրամաբանությունից։ Այնպես որ, եթե ասում եք «Ա», ապա բարեհաճեք ասել նաև «Բ»: Այլապես ձեր փոխարեն դա կանենք մենք։ Եվ պետք չէ հեռուստաէկրաններից, ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում զառանցանքներ բարբաջել՝ ներկայացնելով իբրև աստվածաշնչյան ճշմարտություններ։