Պուտին․ Պատժամիջոցները երկսայր զենք են
Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների պատճառով Եվրամիությունը կորցնում է գլոբալ մրցունակությունն ապագա տարիների համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ելույթ ունենալով ՊՄՏՀ լիագումար նիստում:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները երկարաժամկետ լուրջ հետևանքներ ունեն նաև եվրոպական ընկերությունների ծախսերի համար։
«Նրանք կորցրել են ռուսական շուկան։ Արդյունքն այստեղ ակնհայտ է՝ գլոբալ մրցունակության կորուստ և եվրոպական տնտեսության աճի համակարգային նվազում։ Ընդ որում՝ ապագա տարիների համար»,-ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ տնտեսական բլիցկրիգն ի սկզբանե հաջողության շանս չուներ, քանի որ գործնական փորձը, հատկապես վերջին տարիներին, հիանալի ցույց է տալիս, որ «պատժամիջոցային քաղաքականությունը երկսայր է»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Շարունակելով հակառուսական պատժամիջոցների թեման՝ Պուտինը նշել է, որ դրանք կառուցված են այն կեղծ թեզի վրա, որ ռուսական տնտեսությունն ինքնիշխան չէ, «ծայրահեղ խոցելի է»:
Պետության ղեկավարի խոսքով՝ Արևմուտքը հավատացել է այն առասպելին, որ համաշխարհային տնտեսության և առևտրի մեջ Ռուսաստանի դիրքերը թույլ են:
Ինչ վերաբերում է Եվրոպայում գների տոտալ աճին, ապա այստեղ, Պուտինի գնահատմամբ, իր «ներդրումն» է ունեցել ձախողված էներգետիկ քաղաքականությունը, «կուրորեն հույսը վերականգնվող աղբյուրների և բնական գազի սփոթային մատակարարումների վրա դնելը»։ Այս ամենը, ՌԴ նախագահի կարծիքով, հանգեցրել է էներգիայի արժեքի կտրուկ աճին, որը նկատվում է երրորդ եռամսյակից։
ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Արևմուտքում այսպես կոչված «պուտինյան գնաճին», որի մասին նա հաճախ է լսում։
«Կներեք, ես չեմ սիրում ինքս ինձ հիշատակել, բայց մենք շարունակ լսում ենք Արևմուտքում «պուտինյան գնաճի» մասին, դա ո՞ւմ համար է դա նախատեսված։ Նրանց, ովքեր կարդալ ու գրել չգիտեն»,-նշել է նախագահը։
Ընդ որում, նա հավելել է, որ Եվրամիության շատ երկրներում և ԱՄՆ-ում գնաճը իսկապես հասել է բազմաթիվ տարիների առավելագույն կետին։ Ռուսաստանում գների աճի ընթացիկ ցուցանիշները նույնպես չափազանց բարձր են։
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը ընթանում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը:
Sputnik Արմենիա