ՔԱՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԽՈՍՈՒՄ ԱՐՑԱԽԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ վերածվում է ինքնարդարացման և մեղքերի քավության յուրօրինակ փորձի. իհարկե՝ անաստված ստի, փաստերի խեղաթյուրման և մանիպուլյացիայի իրեն միակ հասանելի ճանապարհով: Դա կարելի էր անվանել խղճի խայթը մեղմելու և յուրօրինակ ինդուլգենցիա ստանալու փորձ, եթե խոսքը չվերաբերեր Նիկոլի պես կատարյալ սրիկային ու ցինիկին։ Նրա «կատարմամբ» բոլոր, նույնիսկ կարծես թե բարի գործերը ուղղված են բացառապես նսեմ ու ստոր նպատակների, որոնց վերջնական արդյունքը սեփական իշխանության պահպանումն է. ամեն գնով։

Նույնը տեղի ունեցավ նաև հունիսի 15-ին. կրկին բացահայտ ստի հեղեղ, փաստերը խեղաթյուրելու, արածի մեղքն իր վրայից գցելու և ուրիշների՝ նախկինների և ներկաների վրա դա բարդելու փորձեր։ Ի դեպ, վերջին շրջանում Արցախի հարցում իրեն պարզերես անելու ակնհայտ ձգտումը, ապացուցելով սեփական «հոգատարությունը» իր իսկ դավաճանած հայկական երկրամասի նկատմամբ, ամենայն հավանականությամբ, նույնպես բացատրություն ունի. «հանցագործին միշտ ձգում է հանցանքի վայրը» հանգամանքի պես մի բան։

Դրան մեծապես նպաստում են, անշուշտ, Դիմադրության շարժման թափն ու զանգվածայնությունը. բնավ պատահական չէ, որ Փաշինյանն ու իր թիմակիցները վերջերս սկսել են միջազգային հարթակներում և հանդիպումներում ցուցադրաբար շեփորել Ադրբեջանի ագրեսիայի, գերիների խնդրի ու Արցախի անվտանգության մասին, և նույնիսկ կասկածներ հայտնել չարաբաստիկ «խաղաղության դարաշրջանի» իրատեսականության վերաբերյալ։

Վերադառնանք, սակայն, խորհրդարանական ուսապարկերի հարցերին Փաշինյանի տված պատասխաններին։ Կասկածից վեր է, որ հաշվի առնելով դահլիճում ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը՝ կառավարության ժամին նրա յուրաքանչյուր ելույթի սցենարը մանրակրկիտ մշակվում է, իսկ ՔՊ-ականներին հանձնարարվում է տալ «անհրաժեշտ» հարցերը։ Այս անգամ նրանց ղեկավարին պետք էր բացի ամենից նաև ընդգծել Արցախին հատկացվող ֆինանսական օգնության հարցը և պաթոսով հիմնավորել, թե իբր՝ «Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»։

Ընդ որում դա արեց նախկին և ներկայիս ֆինանսական օգնության չափերի համեմատության միջոցով, որպեսզի ընդգծի, թե ինքն ու իր թիմը Արցախի համար անում են շատ ավելին, քան ՀՀ որևէ այլ իշխանություն։ Այսպես, Նիկոլի խոսքերով՝ 2021-2022 թվականներին Արցախի բյուջեն հասել է «աննախադեպ մեծության»՝ ավելանալով 48%-ով կամ 45 մլրդ դրամով, նույնպիսի «աննախադեպ մեծության» է հասել ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունը, ավելանալով 122%-ով կամ 70 մլրդ դրամով։

Ցանկացած այլ ղեկավարի շուրթերից դա բնական կհնչեր և հայ հասարակության կողմից իսկապես կընկալվեր որպես մեծ հոգատարության վկայություն հանրապետության բնակիչների նկատմամբ։ Բայց երբ այդ մասին խոսում է Փաշինյանը, դժվար է հասկանալ, թե ինչն է ավելի շատ այդ խոսքերում. կեղծավորությունը, փարիսեցիությունը, թե սքողված ստորությունը։ Քանզի Մայր Հայրենիքի կողմից հայրենակիցներին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին խոսում է այն սուբյեկտը, որը Հայաստանում գլխավոր պատասխանատուն է այն բանի համար, որ արցախցիները հայտնվել են այսչափ աղետալի վիճակում։

Նա, ում մեղքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան և զրկվել ողջ ունեցվածքից, վտարվել հայրենի քաղաքներից ու գյուղերից և դարձել իրավազուրկ փախստականներ։ Նա, ով անհամար արհավիրքներ, անսահման վիշտ բերեց հազարավոր ընտանիքների և վերածեց զարգացող հայկական երկրամասը անելանելիության անդունդի, մեր Հայրենիքից պոկելով մի հսկայական անգին կտոր ու տալով թուրքերին։

Արցախին հատկացվող «աննախադեպ» ֆինանսական օգնությամբ լկտիաբար պարծենում է նա, ով ավերել է հանրապետության ամուր զարգացող տնտեսությունը՝ զրկելով տասնյակ էլեկտրակայաններից, ջրային ահռելի ռեսուրսներից, գյուղատնտեսական տարածքներից, նյութական ռեսուրսներից, ենթակառուցվածքից, բնակֆոնդից, մշակութային անգին ժառանգությունից, զբոսաշրջային հեռանկարներից. այս թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել... Նա, ով այսօր էլ պատրաստվում է հերթական սարսափելի հարվածը հասցնել հայ ժողովրդին. թուրքերին հանձնել Բերձորը, ինչը կրկին կհանգեցնի հարազատ վայրերից հայերի գաղթի։

Վերջապես, այն մասին, թե «Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին», հայտարարում է նա, ով պատերազմից հետո անցած գրեթե 19 ամիսների ընթացքում այդպես էլ չի համարձակվել գնալ Արցախ։ Հետաքրքիր է, ումից և ինչից է ավելի շատ վախենում Նիկոլը. արցախցիների ցասումից, թե՞ Ալիևի վրդովմունքից։

Ընդգծենք ևս մեկ պահ. Փաշինյանը այնքան ամպագոռգոռ է հայտարարում է Արցախին տրվող ֆինանսական աջակցության ավելացման մասին, ասես այդ միլիարդները տալիս է անձնական կամ կուսակցական գրպանից։ Մոռանալով, որ խոսքը հարկատուների կողմից համալրվող ՀՀ պետբյուջեի մասին է։ Եվ, ի դեպ, դեռ մեծ հարց է, թե ինչին են ավելի շատ միջոցներ հատկացվում. Նիկոլի հավատարիմ ցերբերներ իրավապահների աշխատավարձերն ու պարգևավճարները բարձրացնելուն, իր կուսակցության անդամների ճոխ կյանքին ու անվերջանալի գործուղումներին, թե չքավոր Արցախին…

Պետք չէ մոռանալ նաև Արցախի իշխանությունների գործոնը. Փաշինյանը միջոցներ է նետում նրանց, որպեսզի է՛լ ավելի չվատթարանա հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, դրանով իսկ թույլ տալով իշխանության ղեկին մնալ իր հանցակից Արայիկ Հարությունյանին։

Կա, սակայն, այս անսահման անամոթության մեջ ևս մեկ տեսանկյուն։ Նիկոլն ամենևին էլ պատահական չէ ընդգծում, թե իր կառավարությունը «Արցախի կողքին է, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»։ Հիրավի դիվական հայտարարություն է, եթե հաշվի առնենք, որ իրականում նրա հակահայկական քարոզչության գլխավոր թեզերից մեկն այն է, թե իբր՝ ղարաբաղցիների պատճառով Հայաստանի բնակիչները վատ են ապրում, Արցախին չափից ավելի շատ միջոցներ են հատկացվում, դրա համար էլ սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում չի բարելավվում։ Հիշո՞ւմ եք տեր-պետրոսյանական հանրահայտ արտահայտությունը, «Սերգո ջանը լավ չի ապրի, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը»։

Նիկոլը ոչ միայն կրկին մտցրեց այդ դավաճանական կանխադրույթն իր զոմբիների անուղեղ գլուխը, այլև եռանդագին շահագործում է դա, ձգտելով լուծել իր համար կարևոր միանգամից մի քանի խնդիր. խորացնել ժողովրդի պառակտումը «հայաստանցիների» և «ղարաբաղցիների», տրամադրել Հայաստանի բնակիչներին արցախցիների դեմ և դրանով իսկ հավանության արժանացնել իր նպատակը՝ Արցախի վերջնական հանձնումը թուրքերին։ Իսկ հընթացս նաև արդարացնել սեփական ձախողումները սոցիալական ոլորտում, հասկացնել տալով, թե քանի դեռ հարցը վերջնականապես լուծված չէ, խաղաղություն, տնտեսական զարգացում և, հետևաբար՝ կենսամակարդակի աճ Հայաստանում չի լինի։

Կրկնում եմ. այդ կերպարի պահվածքի ստորության ու զազրելիության աստիճանը լիովին գնահատելը շատ դժվար է. դրա համար պետք է ունենալ նույնպիսի այլասերված գիտակցություն և լինել իր պես բացարձակ անբարո մարդ, զուրկ որևէ արժեքային կողմնորոշիչներից։ Այս ամենին հավելեք այն փաստը, որ Փաշինյանն այստեղ նույնպես գործածում է բացառապես ֆինանսական ցուցանիշներ՝ ապացուցելով, որ փողն իր համար մնում է ամեն ինչի, այդ թվում՝ հայրենասիրության գլխավոր չափորոշիչ։

Այդ մարդն այդպես էլ չհասկացավ, և ի վիճակի էլ չէ հասկանալ, որ մարդկանցից խլելով Հայրենիքը, հսկայական կորուստներ ու անասելի ցավ պատճառելով տասնյակ հազարավոր մարդկանց, կյանքի ու մահվան եզրին դնելով մի ամբողջ ժողովրդի, անհնար է փորձել այնուհետ գլուխն ազատել նրանից՝ «շռայլորեն» հատկացնելով ընդամենը փողեր, բայց ընդ որում կրկին հետապնդելով իր դիվական նպատակները։