ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն կհամագործակցեն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր, տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը հունիսի 12-17-ը պաշտոնական այցով եղել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:
«Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը։ Բացի այդ, հուշագիրը կնպաստի համագործակցությանը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոմիտեի կազմի վերջնական համալրումից հետո վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր իրականացնել։
Դրանք ուղղված են լինելու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը:
Sputnik Արմենիա