Դոլարն էժանանում է, դիզվառելիքը` թանկանում. ՄՊՀ-ն թվերով ներկայացրել է` ինչպես

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է տարբեր հարթակներում վերջերս քննարկվող այն հարցին, թե ինչու դոլարի փոխարժեքի էժանացման ֆոնին Հայաստան ներկրվող վառելիքի գինը ոչ միայն չի նվազում, այլև բարձրանում է։

Այսպես` 2022թ–ի մարտին դիզելային վառելիքի 1 լիտրը Հայաստանում վաճառվում էր 563 դրամով, ապրիլին` 612-ով, մայիսին` 662-ով, իսկ հունիսին` արդեն 670 դրամով։

Հանձնաժողովն ուսումնասիրել է խնդիրն ու պարզել, որ 2022 թվականի հունվար - մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի` Հայաստան ներկրելու արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով, դոլարի փոխարժեքը նույն ժամանակահատվածում նվազել է 4-6 տոկոսով։ Այս ֆոնին դիզվառելիքի մանրածախ գինը բարձրացել է 32.4 տոկոսով` հասնելով 1 լիտրի դիմաց 662 դրամ։

Հանձնաժողովը դիտարկել է նաև 2021 թվականի հունիս - 2022 թվականի մայիս ամիսների դինամիկան ու պարզել, որ դիզվառելիքի ներկրման արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով, դոլարի փոխարժեքը` իջել 6-8 տոկոսով, դրա արդյունքում` դիզվառելիքի իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ անցյալ տարվա հունիսի 457 դրամից այս տարի հունիսին դառնալով 662 դրամ։

Sputnik Արմենիա