Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը կանցկացվի Մոսկվայում
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով տեղի կունենա Մոսկվայում։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, ծագող խնդիրները հաստատում են սահմանի սահմանազատման հանձնաժողովի պլանային ու կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի մահը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ամենամոտ ժամանակներս Մոսկվայում անցկացնել սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին:
Միաժամանակ կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես և արձանագրված է երեք երկրների առաջնորդների հայտարարության մեջ։ Մասնավորապես՝ Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։
Sputnik Արմենիա