ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում

Ազգային ժողովում իշխող խմբակցություն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Կարծիքները եղել են տարբեր, սակայն եղել է խմբակցության միասնական որոշում, որն ի գիտություն է ընդունվել բոլորի համար: Կոնկրետ ինչ նախագիծ կներկայացնենք՝ ժամանակը ցույց կտա: Այս պահին քննարկվել է միայն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի հարցը, առաջիկայում, եթե քննարկվի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Արմեն Գևորգյանին պաշտոնազրկելու հարցը, ևս հայտարարություն կլինի»,- նշեց Հակոբյանը:

Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ թույլատրելի քանակից շատ բացակայություններ ունեցող ընդդիմադիր պատգամավորներներին մանդատներից զրկելու հարցը ևս քննարկվում է: