Հակառակորդը 10 րոպե անընդմեջ կրակել է Խաչիկ գյուղի ուղղությամբ

Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե շարունակ կրակել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի «Նիվա» մակնիշի մեքենան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վարչական շրջանի ղեկավարի հետ, որը հաստատել է տեղեկությունը և նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, և կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես և սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ»,–ասել է Թովմասյանը։

Նրա խոսքով` սա ՀՀ բնակիչների կյանքի և խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Թովմասյանը հավելել է, որ վաղը գրություններ է ուղարկելու միջազգային գործընկերներին՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ:

Հավելենք, որ ՊՆ–ից Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ շուտով հաղորդագրություն են տարածելու։