Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է

«Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Թև Նարեկ Մանթաշյանը չի ցանկանում, որպեսզի պաշտպանական կողմը հրապարակային խոսի իր առողջական խնդիրների մասին, բայց դա դատավոր Կարեն Ֆարխոյանը ընկալել է որպես անգործության հիմք: 10 օրից ավել է ներկայացրել եմ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և շտապ արտահերթ նիստ նշանակելու միջնորդութուն որը դատավորի կողմից անտեսվել է, իսկ դատարանից ամեն օր ասում են, որ նոր են ստացել միջնորդությունը:

Ակնհայտ է, որ Նարեկ Մանթաշյանի հետապնդումը քաղաքական բնույթ ունի, բայց սա արդեն կյանքի և մահվան հարց է, քանի որ շաքարային դիաբետի ցուցանիշը 25-28 մմոլ/լ է, իսկ ինսուլինային կախվածությունը 80-ից ավելի:

Կոչ եմ անում դատավոր Ֆարխոյանին դուրս գալ «գործադուլից» և հրավիրել արտահերթ, շտապ նիստ և քննարկել ներկայացված միջնորդությունը»:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը հինգ ամիս է՝ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

News.am