ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Իշխանամետ հեռուստաալիքներից մեկի եթերում Տիգրան Խզմալյանը. դե, նույն ինքը՝ երկրի գլխավոր «եվրոպացին», այն արտախորհրդարանական կուսակցություններից մեկի առաջնորդը, որոնց հետ Փաշինյանը կանոնավորապես խորհրդակցում է, ազդարարեց, թե աշխարհում այժմ կա երկու քաղաքական կենտրոն, որոնցից երկրորդը Հայաստանն է։

Դո՞ւք էլ հիշեցիք «Միմինո» ֆիլմում Վախթանգ Կիկաբիձեի մարմնավորած կերպարի լեգենդար երկխոսությունը Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարի հետ՝ վերջինիս համարձակ արձանագրման առիթով, որ Դիլիջանում ջուրը որակով «երկրորդն է աշխարհում»: Եվ Կիկաբիձեի հերոսի հեգնալից հարցին, թե «իսկ առաջինը Երևանում է, հա՞», մեր Ֆրունզիկն այնքա՜ն հանգիստ, բայց անվիճելի բանիմացությամբ պատասխանում է. «Չէ, Սան Ֆրանցիսկոյում»։

Ահա ուրեմն, իսկ հիմա փորձեք կռահել. եթե Հայաստանը աշխարհի երկրորդ քաղաքական կենտրոնն է, ապա ո՞րն է, գրողը տանի, առաջինը։ Մոսկվա՞ն։ Ո՜չ, այդ ի՞նչ եք ասում։ Պեկի՞նը։ Չէ մի չէ՛։ Վաշինգտո՞նը։ Չկռահեցի՛ք։ Բրյուսե՞լը, Լոնդո՞նը, Փարի՞զը։ Մոռացե՛ք։ Գուցե Անկարան կամ Թեհրա՞նը։ Ի՜նչ միամիտ մարդիկ եք։ Աշխարհի առաջին քաղաքական կենտրոնը, ըստ Խզմալյանի, Ուկրաինա՛ն է։ Դե, ո՞նց չասես՝ երանելի են հավատացողները: Հետաքրքիր է միայն, Խզմալյանն ի՞նքն է հղացել այդ միտքը, թե՞ Փաշինյանն է համոզել ընկերական հավաքույթի ժամանակ։

Թեպետ, գուցեև Խզմալյանն իրավացի է, բայց միայն այն իմաստով, որ երկու երկրներն էլ ընդհանուր բան ունեն։ Ճիշտ է, դառը ընդհանուր։ Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ վայ-պոպուլիստները բազում դժբախտություններ բերեցին իրենց երկրի գլխին, նրանց բոլորին սպասում է Քրեական օրենսգիրքը, բայց շարունակում են մնալ իշխանության ղեկին։ Որովհետև նրանք, ովքեր երկար տարիներ փայփայել են այդ մարդկանց ու բերել իշխանության, քնքշորեն շոյում են նրանց գլուխն ու ամեն կերպ խրախուսում առ այսօր։ Քանզի նրանց բերողները թքած ունեն երկու երկրների կորուստների վրա և թքած ունեն, թե որքան կշարունակվի այդ կորուստների շարանը։ Նրանք բոլորովին այլ շահեր ունեն...

Բայց մենք շեղվեցինք այն գլխավոր թեմայից, որ կան մարդիկ, որոնք համոզված են, թե Ուկրաինան և Հայաստանը աշխարհի երկու քաղաքական կենտրոններն են։ Եվ կան մարդիկ, որոնք հավատում են նրանց՝ չափի ամեն զգացում կորցրած կառավարամետ քարոզչության շնորհիվ։

Ինչի մասին է խոսքը, եթե կառավարամետ ալիքների լրատվական թողարկումներում մենք ամեն օր լսում ենք նոր աշխատատեղերի, հարկային մուտքերի աճի, չնչին գնաճի, նոր ներդրումների, արտադրողականության, աշխատավարձերի, եկամուտների ու ՀՆԱ-ի աճի մասին և... Եվ այնքա՜ն ցանկանում, որ դա ճշմարտություն լինի։

Բայց հետո հանկարծ՝ հո՛պ, ու իմանում ենք, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ կան նաև այլ լուրեր, կա այլ վիճակագրություն։ Միանգամայն այլ բանի մասին։ Տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանում թերսնվողների թիվը վերջին երեք ամսում ավելացել է 90 000-ով, իսկ ընդանուր հաշվարկով այդպիսի մարդկանց թիվը հանրապետությունում հասնում է կես միլիոնի։ Այսինքն՝ ամեն վեցերորդը, եթե ելնենք նրանից, որ բնակչության թվաքանակը կազմում է 3 միլիոն։ Ընդ որում այդ կես միլիոնից 22 հազարը՝ մշտապես թերսնվող, և 47 հազարը քրոնիկ թերսնվող երեխաներ են

Արմեն Աշոտյանը մեկնաբանում է դա հետևյալ կերպ «Սննդամթերքի քառատրոփ թանկացումը հարվածում է բնակչության հատկապես ամենախոցելի շերտերին՝ վերջին չորս տարիների ընթացքում ժողովրդի հաշվին հարստացած իշխող ոհմակի ճոխ կյանքի խորապատկերին»:

Իսկ մենք, վերադառնալով հիմնական թեմային, միայն հավելենք, որ մեր երկրում իշխանամետ քարոզչությունը դեռ երբեք այսքան ստահոդ ու ողորմելի չի եղել։ Ասենք, ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ քարոզչությունն է։ Հավանաբար, ժամանակն է մահապատիժ սահմանել սեփական ժողովրդի հանդեպ առանձնակի ծանր հանցագործությունների համար։