ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ԿՀՆՉԻ ՁԵՐ ԱՍԱԾԸ ՕՊԵՐԱՏԻՎ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հանցավոր անփութություն, թե՞ հերթական գրոհ

Հայտնի է, որ վարչապետի հետ ՔՊ խմբակցության պատգամավորների յուրաքանչյուր հանդիպումից առաջ նրանցից պահանջում են հանձնել հեռախոսներն ու ձայնագրող այլ սարքերը։ Որոշ ժամանակից ի վեր, ըստ ԶԼՄ-ների, վարչապետի թիկնազորը նույնիսկ հանդիպումների ընթացքում հանգամանալի խուզարկություններ է անցկացնում նման սարքեր հայտնաբերելու նպատակով։

Նոր «կանոնակարգը» հիշողության մեջ թարմացրեց բարձրաստիճան զինվորականի այն խոսքերը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ուսադիրներով մարդիկ գաղտնի ձայնագրել են Փաշինյանի հրամանները՝ հետագա մեղադրանքներից խուսափելու համար: Թիմակիցների խուզարկությունները վկայում են այն մասին, որ ռեժիմի պարագլուխը ոչ մեկին չի վստահում և ամեն ինչից վախենում է։

Ապրիլի 26-ին Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի անիվների տակ զոհված Սոնա Մնացականյանի ծնողները ռեժիմին մեղադրում են վրաերթի ենթարկվելուց հետո պահազորի մեքենաների միջև բանակցությունների ձայնագրությունը ոչնչացնելու մեջ: Ծնողները պնդում են, որ ձայնագրությունը ոչնչացվել է այն պատճառով, որ այնտեղ հնչել է օգնություն ցույց տալու համար չվերադառնալու Փաշինյանի հրահանգը։

Վերջին ասուլիսի ժամանակ ռեժիմի պարագլուխը պաթոսով լի ձայնով հայտարարեց. «50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսության մեջ»։ Լրտեսական կրքերի թեմայի առնչությամբ ԶԼՄ-ները, այդ թվում «Գոլոս»-ը վերստին կասկածներ են արտահայտում, որոնք վերաբերում են խոստովանական ցուցմունքների ասես պատճենված օպերատիվ նկարահանումներին և զանգվածային «բացահայտման» այլ հանգամանքներին: Այլ կերպ ասած՝ հասարակության մտածող մասը կասկածի տակ է առել բացահայտման շոուի և այդ առնչությամբ ԱԱԾ-ի տարածած տեսանյութերի արժանահավատությունը։ Կասկածների պատճառները կապված են նախևառաջ ԱԱԾ-ի աննախադեպ քաղաքականացման հետ, որը 4 տարվա ընթացքում վերաորակավորվել է քաղաքական հետախուզության և Նիկոլի քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական գործերի կարուձևի արհեստանոցի։

Փաշինյանի այն հրահանգը, որ հայկական գերատեսչությունները պետք է համակարգեն իրենց աշխատանքը Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի քաղաքական պայմանավորվածություններն, իբր, իրականացվեն գործնականում, անմիջապես հարց առաջացրեց. կոնկրետ ի՞նչ աշխատանքների և ի՞նչ ժամկետների մասին է խոսքը այդ հանձնարարականում։ Ակնհայտ է, որ երրորդ երկրների քաղաքացիների ելումուտը հայ-թուրքական ցամաքային սահմանով մեծ աշխատանք կպահանջի հայկական հակահետախուզությունից։ Կհաղթահարի՞ արդյոք նա այդ աշխատանքը, և ինչպե՞ս է մտադիր «համակարգել» դա Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ։

Այս առնչությամբ կան հիմնավոր կասկածներ՝ կապված գրագետ կադրերի արտահոսքի և այն հանգամանքի հետ, որ 4 տարի շարունակ ԱԱԾ-ն զբաղվել է դիմակների շոուով, չենք խոսում արդեն «սատանայի կոդը» վերծանելու փորձի մասին... Քաղաքական աստառով քրեական գործեր կարելու համանման գործառույթով է զբաղված նաև Քննչական կոմիտեն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ։ Արդեն որոշում կա Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող որոշ գործեր փոխանցել Քննչական կոմիտեին՝ բռնաճնշումների տեմպերը չդանդաղեցնելու համար…

Լրտեսական կրքերի ամենաթեժ պահին ԱԱԾ-ն պետական շահերին դավաճանելու մեղադրանք առաջադրեց ԶՈՒ փոխգնդապետին։ Մարդուն մեղադրեցին պետության դեմ հանցագործություն կատարելու մեջ և կալանավորեցին միայն Մեծ Բրիտանիայից ստացած դրամական փոխանցման հիման վրա: Փոխգնդապետը մի քանի ամիս անցկացրեց բանտում, որից հետո պարզվեց, որ դրամական փոխանցումը ստացվել է նրա ծառայության հետ ոչ մի կերպ չառնչվող հանգամանքներով: Արդյունքում սպային ազատ արձակեցին և վերականգնեցին ծառայության վայրում։ Դժվար չէ պատկերացնել ԱԱԾ աշխատակիցների բանիմացության մակարդակը, որոնք եզրակացրել են, թե բրիտանական հետախուզությունն իր գործակալներին վճարում է դրամական փոխանցումների միջոցով…

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը հայտարարել է. «Սա էլ արդեն երկրորդ դեպքն է, որ զինծառայողներին գոյություն ունեցող ամենածանր հանցագործության մեջ են մեղադրում, թեման ամենաբարձր մակարդակներում շահարկում, հետո պարզվում է, որ մարդիկ անմեղ են։ Լավ, էս բարդակի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է։ Նույնիսկ ստալինյան ժամանակահատվածում ՆԳԺԿ-ի ենթակայության տակ գործող հայտնի «Смерш» բաժինը սենց անփույթ չէր աշխատում։ Չնայած դեռ հարց է, հանցավոր անփութություն է, թե՞ բանակի ուղղությամբ հերթական մտածված գրոհ…»։ Երբ վարչապետը ի լոր ողջ երկրի հայտարարում է լրտեսության մեջ մեղադրվող 50 զինծառայողների մասին, դա ավելի շատ նման է մտածված գրոհի…

Լրտեսները մարտական հերթապահությո՞ւն են իրականացնում սահմանին

Այն մասին, որ ԱԱԾ-ում մանրակրկիտ ուսումնասիրում են փողոցային ակցիաների մասնակիցների անձնական գործերը, գրվել է բազմիցս։ Հայտնի է, որ զինկոմիսարիատներից զինվորական հավաքների ծանուցագրեր են ստացել փողոցային պայքարի բազմաթիվ մասնակիցներ, ներառյալ կալանքի տակ գտնվողները: Ռեժիմն ընտրել է պատժի յուրօրինակ միջոց, համարելով, թե նման ծանուցագրերը հետ կպահեն երիտասարդներին ընդդիմության ակցիաներին մասնակցելուց։

Լրտեսների բացահայտման «պատասխանատու» աշխատանքի մանրամասների մասին հասարակությունը ոչ այնքան վաղուց տեղեկացավ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի հայտարարությունից. «Ըստ իմ ունեցած հավաստի տեղեկությունների, ԱԱԾ կողմից որպես առերևույթ պետական դավաճանություն գործած անձինք ձերբակալված որոշ անձանց խափանման միջոց է ընտրվել առաջնագծում հերթապահություն իրականացնելը: Այսինքն ԱԱԾ-ն պետական դավաճանության մեջ կասկածվող, հեռուստացույցով ցուցադրված, պախարակված անձանց ուղարկել է ՍԱՀՄԱՆ։ Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ այս անհայրենիք դավաճանների իշխանության մասին…»։

Մոտենում է Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի երկրորդ տարելիցը, անցած երկու տարիների ընթացքում Փաշինյանի ռեժիմը ոչինչ չի արել բանակում բարեփոխումներ իրականացնելու և սահմանամերձ դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: 5 ամիս է, ինչ Գլխավոր շտաբը ղեկավարում է Կամո Քոչունցը՝ պաշտոնակատարի կարգավիճակով։ Նշանակված չէ հետախուզության վարչության պետը։ Ակնհայտ է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը օրենսդրական մակարդակով քաղաքականացնելու փորձը՝ 2021 թվականի փետրվարի 25-ի դեպքերից խուսափելու համար, երբ ԶՈՒ վերնախավը գրեթե ամբողջությամբ հանդես եկավ ռեժիմի ղեկավարի հրաժարականի օգտին։

Աբազյանի հսկողության տակ

Փաշինյանը, ինչպես հայտնի է, խրախուսում է թիմի անդամների մատնությունները միմյանց դեմ, նրա աչքին ամենուրեք դավադրություններ են երևում։ ԱԱԾ-ն՝ Արմեն Աբազյանի գլխավորությամբ, ոստիկանությունը՝ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, Քննչական կոմիտեն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, հակակոռուպցիոն կոմիտեն՝ Սասուն Խաչատրյանի նախագահությամբ. սա Փաշինյանի անձնական և քաղաքական շահերը սպասարկող պետական կառույցների ոչ ամբողջական ցանկն է

Զոհված զինծառայողների ծնողներն ապարդյուն են պահանջում, որ պետական շահերին դավաճանելու մեղադրանքով Փաշինյանի գործը Քննչական կոմիտեից փոխանցվի ԱԱԾ։ Աբազյանը սպասարկում է Փաշինյանի անձնական շահերը Քյարամյանից ոչ պակաս, որը զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ սպառնացել է դատի տալ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ձայնագրել իր ասածները։ Ձայնագրելու հարկ ամենևին չկա՛։ Հասարակությունն առանց որևէ ձայնագրության էլ հավատում է ծնողների պատմածին, որ ՔԿ պետն իրենց հետ հանդիպման ժամանակ ոչ պատշաճ պահվածք է ցուցաբերել։

Ձայնագրության շուրջ բարձրացած սկանդալից հետո, որը հանգեցրեց Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականին (Ռուբեն Վարդազարյանը կտրականապես հրաժարվեց ամբողջությամբ ներկայացնել ձայնագրությունը քննությանը), գաղտնալսող սարքերից վախենում են բոլորը։ Պետք չէ մոռանալ նաև Փաշինյանի կողմից 7 մլն դոլարով ձեռք բերված սարքի մասին, ինչին բազմիցս անդրադարձել են լրատվամիջոցները։ Լրտեսական կրքերը և ձայնագրությունների ու տեսագրությունների հրապարակման առնչությամբ համընդհանուր պսիխոզը միանգամայն իրական բացատրություն ունի։ Փաշինյանը գերազանց գիտակցում է երկրի ու ժողովրդի դեմ իր կատարած հանցագործությունների ողջ ծանրությունը, ուստի տառապում է ֆոբիաներով, որոնք կարող են վերջնականապես սասանել նրա պսիխիկան։ Նա հասկանում է, որ վաղ թե ուշ կրելու է իր պատիժը, ուստի փորձում է դավաճանության մեղադրանքով վարկաբեկել հնարավորինս մեծ թվով մարդկանց։

ԱԱԾ-ին հրամայված է դավաճաններ «բացահայտել» բանակում, որպեսզի նրանց ուսերին բարդի 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը։ Դավաճաններ, բնականաբար, եղել են, ինչպես ամենուր և բոլոր պատերազմների ժամանակ, սակայն օպերատիվ տեսանկարահանումը վերաբերում է միայն նրանց, ովքեր համակրելի ծանոթուհի են ձեռք բերել համակարգչային կապով և գումար ստացել ծառայողական տեղեկություններ տրամադրելու համար։ 2 տարվա ընթացքում ԱԱԾ-ն ջրի երես չի հանել նրանց, ովքեր ադրբեջանցիներին են փոխանցել տվյալներն Արցախի Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման մասին, որը հակառակորդը ջախջախեց ագրեսիայի առաջին իսկ օրերին:

44-օրյա պատերազմի ավարտից հետո 4 անձից բաղկացած խմբին առաջադրվեց Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանք, որը փլվեց խաղաթղթե տնակի պես։ Մեղադրյալների թվում էին ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ ԱԱԾ-ն այսօր էլ զբաղվում է նման դավադրությունների որոնումներով, ընդ որում դավադիրներին փնտրում են ոչ թե ընդդիմության շարքերում, այլ յուրայինների մեջ։ Այսօր ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխող կուսակցության անդամներն են Աբազյանի հսկողության տակ։ Նախքան ինչ-որ բան ասելը, յուրաքանչյուր ոք մտածում է, թե ինչպես կհնչի դա օպերատիվ ձայնագրության մեջ։