Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում են Շարմ հոլդինգից։
Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը ժամը 13։00–ին՝ նույն տեղից։
Հիշեցնենք, որ մայիսի 17–ից կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15–ին դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել: